Submitted by detq-editor on
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդեռլանդների ԱԳՆ՝ Լաչինը բացելու դատարանի որոշումն անտեսելու համար

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդեռլանդների ԱԳՆ՝ Լաչինը բացելու դատարանի որոշումն անտեսելու համար

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդեռլանդների արտգործնախարարություն, հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)՝ նշելով, որ ԱԳՆ-ում դեսպանին հայտնել են Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին ընդունված որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Բաքվին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը։ Սակայն այդ որոշումից մեկ ամիս անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն և փակ պահել միջանցքը։

Ֆեդերացիան նշում է, որ Նիդեռլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Հաագայի դատարանի որոշման հետ:

Ըստ հաղորդագրության՝ Հոկստան համաձայնվել է խորհրդարանականների հետ, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը։

Ընդգծելով, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են, Նիդեռլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ Ամստերդամը Բաքվին հրապարակայնորեն կոչ է արել կատարել որոշումը:

«Դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»,- շեշտել է արտգործնախարարը՝ նշելով, որ իր մտահոգությունները փոխանցել է Ադրբեջանի արտգործնախարարին տարբեր զրույցների և համաժողովների ընթացքում, ԵՄ հայտարարությունների միջոցով։

Add new comment