Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ: Հրետակոծվեցին խաղաղ բնակավայրերը, մայրաքաղաք Ստեփանակերտը։ Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:
Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, նաև՝ հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։
Պատերազմը տևեց 44 օր։ Զինադադար հաստատելու փորձեր եղան, սակայն պայմանավորվածությունները չպահվեցին, ադրբեջանական կողմը շարունակեց գրոհները։
Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։
Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանումը վերահսկելու համար ռուս խաղաղապահների դիտակետեր տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:
44-օրյա պատերազմից երեք տարի անց՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողությունների» անվան տակ ևս մեկ հարձակում իրականացրեց ԼՂ-ի վրա։ Ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ։ 10 ամիս շարունակվող շրջափակումից հետո սանձազերծված ագրեսիան անհնարին դարձրեց հայ բնակչության անվտանգ գոյությունն Արցախի Հանրապետության ողջ տարածքում։
4 պատերազմով անցած արցախցիները ստիպված լքեցին իրենց տները և ավելի քան 100 հազար մարդ բռնեց գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։ Արցախը հայաթափվեց։ Այդ օրերի ընթացքում Ադրբեջանը ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
44-օրյա պատերազմում հայկական կողմից զոհվածների թիվը 3830 է։
Պաշտոնական տվյալներով՝ այս պահին Բաքվում պահվում է 55 հայ, այդ թվում՝ 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչ։ 2020-2023 թթ. Արցախյան պատերազմների հետևանքով 300 անձ անհետ կորած է համարվում։
Add new comment