Ադրբեջանական «DOST»-ի ընդլայնումն ու Փաշաևների կողմից իշխանության կլանման հեռանկարը
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է իր նոր հոդվածը, որը նվիրված է Ադրբեջանի սոցիալական ապահովության ոլորտում ձևավորվող նոր կառուցվածքին՝ DOST գործակալությանը (Dayanıqlı və Operativ Sosial Təminat Agentliyi)։
Հետազոտության համաձայն՝ «DOST»-ի ընդլայնումը սերտորեն կապվում է Մեհրիբան Ալիևայի և նրա ընտանիքի՝ Փաշաևների հետ, և այս գործակալության միջոցով աստիճանաբար ձևավորվում է իշխանության փոխանցման մոդել՝ Ալիևներից դեպի Փաշաևներ։
Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության համակարգում գործող DOST (Dayanıqlı və Operativ Sosial Təminat Agentliyi)՝ Կայուն և հրատապ սոցիալական ապահովման գործակալություն) գործակալությունը ստեղծվել է Իլհամ Ալիևի՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի հրամանով՝ նախագահի պահուստային ֆոնդի միջոցներով։
Քարվաճառում ևս ադրբեջանական DOST գործակալության մասնաճյուղ է բացվել։ Արցախի տարածքում սա այդ կառույցի թվով երրորդ ստորաբաժանումն է։ Առաջինը հիմնադրվել է 2024 թվականին Շուշիում, երկրորդը՝ Smart DOST անվամբ, գործում է Կովսականի Աղալը բնակավայրում։ Սոցիալական նշանակության այս կառույցի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը շարունակվում է նաև Ադրբեջանի տարածքում։
Սոցիալական և թվայնացման գործառույթների «փաթեթավորմամբ» Ադրբեջանում ծավալվող այս «գործակալական ցանցն» իր վրա ուշադրություն է հրավիրում հասարակությանը կառավարելու յուրօրինակ մեխանիզմի ներդրմամբ, կազմակերպության միջոցով Ալիևների ընտանիքի ինքնագովազդի և ընտանեկան հերթական մենաշնորհի ապահովմամբ։
Հաշվի առնելով Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի բազմաոլորտ գործունեությունն ու նրա պաշտոնային առաջխաղացման տեմպերը, վերջին տարիներին Փաշաևների հետ ասոցացվող անձանց տարբեր պաշտոններում հաճախակի նշանակումներն ու Ադրբեջանի ամբողջ տարածքում նրանց անվան հետ կապվող DOST կենտրոնների ստեղծման մտադրությունները՝ կարող ենք նշել, որ այդ երկրում իշխանության հետագա փոխանցման հարցի շուրջ տեղի է ունենում կենտրոնացում նախիջևանյան կլանից դեպի ապշերոնյանը՝ Ալիևներից սահուն կերպով անցնելով Փաշաևներին։ Հիշեցնենք, որ Մեհրիբան Ալիևան զբաղեցնում է առաջին փոխնախագահի պաշտոնը, «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախագահն է, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահն է և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է միջազգային տարբեր կազմակերպություններում։
Ընդ որում՝ 2017 թվականին Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակելը տարբեր շրջանակներում դիտվել է որպես ամուսնուն՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում փոխարինելու նախապատրաստություն։ Համարվել է, որ նրա նշանակմամբ Իլհամ Ալիևը փորձել է մեղմել Ալիևների ու Փաշաևների միջև միջկլանային մրցակցությունը, որը Հեյդար Ալիևը կարողացել էր զսպել Իլհամի և Մեհրիբանի ամուսնությամբ։
Ընդհանրապես՝ Ալիևայի քաղաքական գործունեությունը խիստ տեսանելի է ոչ միայն ներքին կյանքում, սոցիալական, կրթական և հումանիտար այլ հարցերում, այլև՝ արտաքին հարթակներում։ Եվրոպական երկրներում Մեհրիբան Ալիևայի բազմաթիվ «շրջագայությունները» նույնպես վկայում են, որ նա՝ որպես Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչ, Արևմուտքում ևս ընկալելի է։ Եթե նախկինում նրա արտաքին գործունեության համար «Հեյդար Ալիև» հիմնադրամն էր «փոխադրամիջոցը», ապա այժմ՝ նաև «DOST»-ը, որի գործունեության ցուցադրությունը միջազգային ասպարեզում զուգակցվում է անձնական գովազդով։
Առավել ուշագրավ է DOST գործակալության և Մեհրիբանի հորը՝ Արիֆ Փաշաևին, Մեհրիբանի դուստրերին՝ Լեյլային ու Ազրուին, պատկանող «Pasha Holding»-ի միջև տեսանելի կապը։ Երկու կազմակերպությունների տարբերանշանները չափազանց նման են, գրեթե՝ կրկնություն։ Այս խորհրդանշական ընդհանրությունը համադրելով «DOST»-ում Մեհրիբանի և դուստրերի ակտիվ ներգրավվածության մասին բաց տեղեկատվության հետ՝ կարելի է նշել, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահը հայրական կապիտալի առաջմղմամբ և սոցիալական գործակալության ցանցի ու գործառույթների ընդլայնմամբ յուրացնում է պետական կառավարման համակարգը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:
Add new comment