Եգիպտա-իսրայելական հաշտության գործընթացը. Քեմփ-Դևիդի խաղաղության պայմանագիրը
Արաբա-իսրայելական հակամարտության կարևորագույն բաղկացուցիչներից են եգիպտա- իսրայելական հարաբերությունները: 1970 թ. Եգիպտոսի նախագահի պաշտոնը ստանձնեց Անվար Սադաթը. Սադաթը համոզված էր, որ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման խաղաքարերի 99%-ը գտնվում է ԱՄՆ-ի ձեռքում, և, հետևաբար, տարածաշրջանում խաղաղության հաստատումը ևս պետք է համակարգվի ԱՄՆ-ի կողմից:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կպայմանավորեր նաև եգիպտա-իսրայելական մերձեցումը: ԱՄՆ-ի հետ համագործակցելու Սադաթի պատրաստակամությունն ավելի ակնհայտ դարձավ 1973 թ. արաբա-իսրայելական երրորդ պատերազմից հետո. «Մեծ պատերազմի» գաղափարը՝ որպես հակամարտության կարգավորման կռվան, իր դիրքերը զիջեց «սահմանափակ ռազմական գործողությունների» հայեցակարգին, ինչպես նաև խաղաղ բանակցային գործընթացին:
Իսրայելի հետ «մերձեցման» եգիպտական պատրաստակամությունն ամբողջացնում էր նաև այն հանգամանքը, որ դեռ 1970-ականների սկզբին եգիպտական հասարակությունում սկսվեցին սոցիալ-քաղաքական որակական նոր տեղաշարժեր: Իսրայելի հետ համաձայնության գալու Սադաթի հիմնական փաստարկն այն էր, որ 1967 թ. արաբա-իսրայելական երկրորդ պատերազմի հետևանքով Եգիպտոսը մարդկային և տնտեսական զգալի կորուստներ էր կրել: Իսրայելի կողմից Սինայ թերակղզու գրավման հետևանքով Եգիպտոսը զրկվել էր թերակղզու նավթահանքերի շահագործման հնարավորությունից: Դադարեցվել էր Սուեզի ջրանցքի շահագործումը: Ակնհայտ է, որ այս ամենը ծանր հարված էր հասցրել առանց այդ էլ վատ վիճակում գտնվող եգիպտական տնտեսությանը:
1970 թ. նախագահ Գամալ Աբդել Նասերի մահից հետո երկրի նոր ղեկավարությունն ակնհայտ շրջադարձ կատարեց դեպի կապիտալիստական զարգացում, որի հետևանքով իր դիրքերը վերականգնեց եգիպտական բուրժուազիան, որը ձգտում էր արևմտյան երկրների հետ բազմակողմանի հարաբերությունների հաստատմանը: Նշվածի անմիջական շարունակությունը դարձավ Սադաթի հռչակած «ինֆիթահ»-ի (այսինքն՝ «բաց դռների») քաղաքականությունը, որն անմիջականորեն վերաբերում էր թե՛ տնտեսությանը և թե՛ քաղաքականությանը:
Պատմագրության մեջ Իսրայելի հետ Եգիպտոսի համաձայնության գալու սկիզբն ընդունված է համարել 1977 թ. նոյեմբերի 19-ին Սադաթի այցը Երուսաղեմ: Եգիպտոսի նախագահի՝ Երուսաղեմ մեկնումը դարձավ ոչ միայն եգիպտա-իսրայելական հարաբերությունների հաստատման, այլև արաբական աշխարհում պաշտոնական Կահիրեի «մեկուսացման» սկիզբը: 1977 թ. նոյեմբերի 20-ին Երուսաղեմում ունեցած իր ելույթում Սադաթը փաստեց, որ պատրաստ է Իսրայելի հետ խաղաղություն հաստատել: Եգիպտոսի նախագահի ելույթը Երուսաղեմում ցնցեց արաբական աշխարհը և նրան քննադատելու առիթ դարձավ:
Սադաթի՝ Երուսաղեմ այցելությունը դատապարտելու և նրա հետագա անջատողական գործողությունները կանխելու նպատակով 1977 թ. դեկտեմբերի 2-5-ը Տրիպոլիում (Լիբիա), Լիբիայի նախագահ Մուամմար Կադաֆիի անմիջական նախաձեռնությամբ, կայացավ արաբական մի քանի երկրների ղեկավարների հանդիպում:
Հանդիպման մասնակից երկրները դատապարտեցին Կահիրեի քաղաքական ուղեգիծն ու որոշեցին դադարեցնել Եգիպտոսի հետ դիվանագիտական և այլ կարգի շփումներն ինչպես միջարաբական, այնպես էլ միջազգային մակարդակներում: Տրիպոլիի հանդիպման մասնակից երկրները Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի և ՊԱԿ-ի ղեկավար Յասեր Արաֆաթի առաջարկով միավորվեցին «Տոկունության և հակազդեցության ազգային ճակատում» (ՏՀԱՃ): ՏՀԱՃ-ի անդամ դարձան Սիրիան, ՊԱԿ-ը, Լիբիան, Ալժիրը և ԵԺԴՀ-ն: Այս պետություններն այսպես կոչված երեք «ոչ»-երի կողմնակիցներն էին (ո՛չ Իսրայելի ճանաչմանը, ո՛չ բանակցություններին և ո՛չ խաղաղությանը):
1977 թ. դեկտեմբերի 5-ին, ի պատասխան ՏՀԱՃ-ի կազմավորմանը, Սադաթը հայտարարեց, որ դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները ՏՀԱՃ-ի անդամ երկրների հետ: Հավանաբար ՏՀԱՃ-ի անդամ երկրներն իրականում չէին հավատում, որ Սադաթը կյանքի կկոչի Երուսաղեմում հնչեցվածը՝ Իսրայելի հետ խաղաղություն հաստատելու վճռական պատրաստակամությունը: Հետևելով Իսրայելի հետ «մերձեցման» իր քաղաքականությանը՝ Սադաթը 1978 թ. սեպտեմբերի 5-17-ը Քեմփ-Դևիդում (ԱՄՆ) ԱՄՆ նախագահ Ջ. Քարթերի միջնորդությամբ Իսրայելի վարչապետ Մ. Բեգինի հետ ստորագրեց երկու փաստաթուղթ՝ «Շրջանակներ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար» և «Շրջանակներ եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագրի ստորագրման համար»:
Առաջին փաստաթղթի համաձայն՝ պաղեստինյան հարցի կարգավորման նպատակով պետք է բանակցություններ անցկացվեին երեք փուլով՝ Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, իսկ երրորդ փուլից՝ նաև պաղեստինյան ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ընդ որում՝ նախատեսվում էր, որ Հորդանանի և պաղեստինցիների հրաժարվելու դեպքում նրանց փոխարեն բանակցությունները վարելու էր Սադաթը:
Երկրորդ փաստաթղթի համաձայն՝ Իսրայելը և Եգիպտոսը պարտավորվում էին երեք ամսվա ընթացքում հաշտության պայմանագիր ստորագրել, որից հետո երկու երկրների միջև պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեին:
Համաձայնագրերի ստորագրումը դժգոհություն առաջացրեց նաև Կահիրեում: Քեմփդևիդյան համաձայնագրերի ստորագրման հաջորդ օրը հրաժարական տվեցին Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Քամիլը, որը բանակցությունների անմիջական մասնակից էր և Սադաթի մտերիմ ընկերը, ինչպես նաև պատվիրակության իրավաբանական խորհրդատու, ԱՄՆ-ում Եգիպտոսի դեսպան Նաբիլ ալ-Արաբին: Պաշտոնանկ արվեց Եգիպտոսի պաշտպանության նախարար գեներալ Ալ-Գամասին:
Քեմփդևիդյան համաձայնագրերի ստորագրմանը հաջորդեց 1978 թ. սեպտեմբերի 20-23-ին Դամասկոսում ՏՀԱՃ-ի անդամ երկրների երրորդ հանդիպումը, որի մասնակիցները պահանջեցին արաբական երկրներից դատապարտել Եգիպտոսին և միանալ ՏՀԱՃ-ի կողմից սահմանվող պատժամիջոցներին: Քեմփդևիդյան համաձայնագրերը դատապարտեցին նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կ. Վալդհայմը և ԽՍՀՄ-ը՝ հայտարարելով, որ այն սպառնում է տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը: Քեմփդևիդյան համաձայնագրերի քննարկման նպատակով Իրաքի նախագահ Ալ-Բաքրի նախաձեռնությամբ 1978 թ. նոյեմբերի 2-5-ը Բաղդադում արաբական երկրների գագաթնաժողով հրավիրվեց, որտեղ արաբական բոլոր երկրները, բացի Օմանից, Սուդանից և Սոմալիից, դատապարտեցին Սադաթի անջատողական քաղաքական ուղեգիծը:
Ծոցի միապետությունները, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, կարևորելով Կահիրեի տեղն ու դերը տարածաշրջանում և նպատակ ունենալով ետ պահելու Սադաթին Իսրայելի հետ համաձայնության գալու հետագա քայլերից, 1978 թ. նոյեմբերի 6-ին Սադաթի հետ բանակցելու գործուղեցին Լիբանանի վարչապետ Սալիմ Հոսին: Սակայն Սադաթը հրաժարվեց բանագնացին ընդունելուց, և վերջինս Կահիրեի օդանավակայանում մի քանի ժամ անցկացնելուց հետո ձեռնունայն վերադարձավ:
Քեմփդևիդյան համաձայնագրերը 1979 թ. փետրվարին դատապարտեց նաև Իսլամական աշխարհի լիգան (ԻԱԼ), որի քարտուղար Մուհամմադ Ալի ալ-Հարաքանիի պատրաստած համապատասխան փաստաթղթում խիստ քննադատության էր ենթարկվում Եգիպտոսի նախագահի անջատողական քաղաքականությունը:
Բաղդադի գագաթնաժողովից հետո՝ 1978 թ. նոյեմբերին, Սադաթը, փորձելով համաձայնության եզրեր գտնել Ռիադի հետ եգիպտա-իսրայելական ապագա հաշտության պայմանագրի հարցի շուրջ, Սաուդյան Արաբիա էր գործուղել իր հատուկ բանագնացին: Բայց վերջինիս հրաժարվեցին Ռիադում ընդունելուց: Միևնույն ժամանակ անհաջողության մատնվեցին նաև ամերիկյան բանագնաց Վենսի մաքոքային քայլերն արաբական աշխարհում, որոնք նպատակ ունեին ներքաշելու արևմտամետ կողմնորոշում ունեցող արաբական մյուս երկրներին քեմփդևիդյան համաձայնագրերի մեջ:
Անտեսելով քեմփդևիդյան համաձայնագրերի առկայությունը՝ 1979 թ. փետրվարին Քուվեյթում գումարվեց Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտահերթ նիստ, որին հրավիրվեց նաև եգիպտական պատվիրակությունը: Հանդիպումը ոչինչ չտվեց, քանի որ եգիպտական պատվիրակը կրկին հաստատեց Սադաթի վճռականությունն Իսրայելի հետ խաղաղության հասնելու հարցում: Ընտրելով Իսրայելի հետ համաձայնության հասնելու ճանապարհը՝ 1979 թ. մարտի 26-ին Վաշինգտոնում, դարձյալ ԱՄՆ նախագահ Քարթերի միջնորդությամբ, Սադաթը և Բեգինը ստորագրեցին քեմփդևիդյան համաձայնագրերով նախատեսվող եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագիրը:
Պայմանագրի առաջին հոդվածի համաձայն՝ Իսրայելի և Եգիպտոսի միջև դադարում էր պատերազմական վիճակը, այնուհետև Իսրայելը պարտավորվում էր երեք տարիների ընթացքում զորքերը դուրս բերել Սինայից: Պայմանագրի ստորագրման օրից սկսած 9 ամիսների ընթացքում 2 երկրների միջև պետք է հաստատվեին դիվանագիտական, տնտեսական և մշակութային հարաբերություններ: Իսրայելական նավերը Սուեզի ջրանցքով ազատ նավարկելու իրավունք էին ստանում, իսկ Եգիպտոսը պարտավորվում էր շուկայական գներից ցածր գնով նավթ տրամադրել Թել-Ավիվին: Այս ամենի կատարումը երաշխավորում էր բնականաբար ԱՄՆ-ն:
Մի քանի ամիս անց Եգիպտոսի Ժողովրդական ժողովը ձայների 99%-ի առկայությամբ վավերացրեց եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագիրը: Պայմանագրի ստորագրումից մեկ ամիս անց՝ 1979 թ. ապրիլի 28-ին, երբ այն ուժի մեջ մտավ, սկսվեցին պաղեստինյան ինքնավարության վերաբերյալ եգիպտա-իսրայելական բանակցությունները։
Ի պատասխան ստորագրված եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագրի՝ 1979 թ. մարտի 27-31-ը Բաղդադում կայացավ արաբական երկրների արտաքին գործերի, նավթային նախարարությունների, տնտեսական կառույցների նախարարների հանդիպում, որտեղ Եգիպտոսին դատապարտող մի շարք որոշումներ ընդունվեցին: Հանդիպմանը ներկա էին արաբական բոլոր երկրները և ՊԱԿ-ը, բացակայում էր միայն Եգիպտոսը: Արաբական երկրները որոշեցին.
1. սառեցնել Եգիպտոսի անդամակցությունն ԱՊԼ-ում և նրա բոլոր՝ շուրջ 140 մասնագիտացած կառույցներում, կազմակերպության նստավայրը Կահիրեից տեղափոխել Թունիս: ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում եգիպտացի Մահմուդ Ռիադին փոխարինեց թունիսցի Շազլի Քլիբին: Դադարեցվեցին Եգիպտոսի հետ դիվանագիտական բոլոր հարաբերությունները:
2. Դադարեցնել եգիպտական կառավարությանը ֆինանսական և տեխնիկական օգնության տրամադրումը, տարբեր վարկերի և պարտատոմսերի հատկացումն ինչպես պետական, այնպես էլ միջարաբական հիմնադրամի շրջանակում: Դադարեցնել Եգիպտոսի անդամակցությունը Միջարաբական ներդրումային բանկում և Արաբական արժույթային հիմնադրամում:
3. Սառեցնել Եգիպտոսի անդամակցությունը Նավթարդյունաբերող արաբական երկրների կազմակերպությունում (ՕԱՊԵԿ): Արաբական երկրները հրաժարվեցին Սադաթի կառավարությանը նավթ և նավթամթերք մատակարարելուց: Այդ որոշմանը միացավ նաև Իրանը:
4. Արաբական երկրները դադարեցրին օդային հաղորդակցությունը Եգիպտոսի հետ: Բոյկոտի ենթարկվեցին եգիպտական այն կազմակերպությունները, որոնք համագործակցում էին Իսրայելի հետ: Արաբական բոլոր երկրները, բացի Օմանից, Սուդանից և Սոմալիից, միացան այդ որոշումներին և 1979 թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում խզեցին Եգիպտոսի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Եգիպտոսը զրկվեց արաբական երկրների կողմից տարեկան տրամադրվող 2.7 մլրդ դոլար օգնությունից: Նպատակ ունենալով ամբողջացնելու Եգիպտոսի քաղաքական մեկուսացումն արաբական աշխարհում՝ 1979 թ. մայիսի 8-12-ը Ֆեսում «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ պետությունների հանդիպման ժամանակ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ որոշում ընդունվեց սառեցնել Եգիպտոսի անդամակցությունն իսլամական աշխարհի այդ հեղինակավոր կազմակերպությունում ևս:
Եգիպտա-իսրայելական հաշտության պայմանագիրը դատապարտեցին Իսրայելի և արաբական երկրների կոմունիստական կուսակցությունները, իսկ 1979 թ. դեկտեմբերի 6-ին՝ նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Բաղդադի 1979 թ. հանդիպմանն ընդունված հակաեգիպտական որոշումների արդյունքում երկիր ներմուծվող արաբական կապիտալը զգալի նվազեց, բայց չդադարեց: Հակաեգիպտական պատժամիջոցների մասնակի լինելու մասին վկայում է այն փաստը, որ 1979 թ. ապրիլին Քուվեյթում ՕԱՊԵԿ-ի անդամ երկրների հանդիպմանը չընդունվեց Իրաքի, Սիրիայի, Ալժիրի և Լիբիայի առաջարկը՝ Եգիպտոսի դեմ բոյկոտը տարածել նաև Սուեզի ջրանցքի և Սուեզ-Ալեքսանդրիա (ՍՈՒՄԵԴ) նավթամուղի վրա:
Անտեսելով համաարաբական հակաեգիպտական որոշումները՝ Սաուդյան Արաբիան շարունակում էր պահպանել օդային կապը Եգիպտոսի հետ, չէր սառեցրել եգիպտական բանկերում պահվող 1 մլրդ դոլարի հասնող իր ավանդները, չէր արտաքսել իր երկրում ներգրավված եգիպտական աշխատուժը, չէր արգելել իր քաղաքացիներին Եգիպտոսում անշարժ գույք գնել և իրենց գումարները ներդնել եգիպտական տնտեսության մեջ:
1980 թ. փետրվարին Եգիպտոսի և Իսրայելի միջև տեղի ունեցավ դիվանագիտական ներկայացուցիչների փոխանակում: Եգիպտոսը դարձավ առաջին արաբական պետությունը, որը պաշտոնական հարաբերություններ հաստատեց արաբների հետ զինված հակամարտության կողմ հանդիսացող Իսրայելի հետ:
Հաշվի չառնելով, որ Եգիպտոսի անդամակցությունը սառեցված էր ԻԿԿ-ում, 1980 թ. հունիսի 27-ին Իսլամաբադում տեղի ունեցած ԻԿԿ-ի արտահերթ հանդիպմանը Պարսից ծոցի միապետությունները հրավիրել էին նաև Սադաթի կողմից լիազորված պատվիրակությանը: 1980 թ. հունվարի 25-ին Իսրայելը Եգիպտոսին վերադարձրեց Սինայ թերակղզու մի մասը՝ Ալ-Արիշը, Ռաս-Մուհամմադ գծից արևմուտք ընկած տարածքի մի հատվածը, որտեղ գտնվում են եգիպտական նավթահանքերը:
Այդպիսով՝ արաբական աշխարհում Եգիպտոսի քաղաքական մեկուսացումը ճեղքվեց 1980 թ. սեպտեմբերի վերջին, երբ նույն թվականին սկսված իրաք-իրանյան պատերազմի հետևանքով Բաղդադը Սադաթից ռազմական օգնություն խնդրեց: Իրաքյան զորքերն անկարող գտնվեցին արագ պարտության մատնել Իրանին, իսկ Բաղդադի սպառազինության պաշարներն անսպառ չէին, ուստի արաբական միակ երկիրը, որը կարող էր համապատասխան քանակությամբ զենք տրամադրել, Եգիպտոսն էր:
Add new comment