«Տուժող» ոմն Իլհամ Մամեդով ցուցմունք է տվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ
Հոկտեմբերի 2-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է հայ ռազմագերիների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «տուժող» ոմն Իլհամ Մամեդով ցուցմունք է տվել «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների» համար մեղադրվող Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ։
Տուժող ներկայացած անձը հայտնել է, թե իբր 2002 թվականի մայիսի 10-ին զինվորական ծառայություն իրականացնելիս «գերի է ընկել» և իրեն «ծեծել» են։ Պատասխանելով պետական մեղադրողների հարցերին՝ «տուժողը» մատնացույց է արել Լևոն Մնացականյանին և նշել, թե «հենց նա է իրեն դաժան ծեծի է ենթարկել, անգամ՝ հրացանի կոթով, և իբր թե Մնացականյանը, հրամայել է նրան «քայլել ականապատ դաշտերով», իսկ թե ինչպես է ողջ մնացել, չի պարզաբանվում։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Add new comment