««Բայրաքթարը», որի մասին այդքան խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ». Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ արտասահմանյան արտադրության ոչ բոլոր անօդաչու թռչող սարքերն են կատարյալ աշխատում։ Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Մեդվեդևն ասել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Մեդվեդևը նշել է, որ այս համատեքստում խոսքը վերաբերում է հատկապես թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու սարքերին։ «Այդ նույն «Բայրաքթարը», որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ։ Չի կարելի ասել, որ այն այդքան ֆանտաստիկ է»,- ասել է նա։
Ռուս պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանը վերջին տարիներին ԱԹՍ-ների արտադրության ոլորտի զարգացման հարցում զիջում էր այլ երկրների, սակայն այժմ ունի հիանալի հետախուզական սարքեր ու դրոն-կամիկաձեներ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շուտով անօդաչու թռչող սարքերի նոր շարք կարտադրի։
Մեդվեդևը հայտնել է, որ Ռուսաստանում հետախուզական անօդաչու թռչող սարքերի արտադրություն է ստեղծվել, բարձր է գնահատվում հատկապես այսպես կոչված դրոն-կամիկաձեների արտադրության գործընթացը։ Նա հավելել է, որ Ռուսաստանն արտադրելու է հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Հիշեցնենք, որ թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ները լայնորեն կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և այդ երկրի հաջողությունն ապահոված հիմնական գործոններից մեկն են եղել։ Թուրքական արտադրության անօդաչուները կիրառվում են նաև ռուս-ուկրաինական պատերազմում, և նախորդ տարի Մոսկվան բազմիցս հայտնել է դրանց խոցման մասին։
Add new comment