hyuaj

Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հայաստանի դեմ

«Դետք»-ին թեմայի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել անվտանգության հարցերով փորձագետ Ալվինա Աղաբաբյանը։

-Ներկա պահին Ադրբեջանն արդյո՞ք կդիմի ռազմական գործողությունների կամ լայնածավալ պատերազմի։

- Ադրբեջանն իրեն հարմար ցանկացած պահի կարող է դիմել ռազմական գործողությունների՝ տեղային ռազմական գործողություններից մինչև լայնածավալ պատերազմ, պարզապես պետք է նախապատրաստվել, մինչդեռ հայկական կողմը, իմ կարծիքով, այդ առումով քայլեր չի անում։

Պատերազմի հավանականությունը մեծ է, սակայն հստակ ժամկետ որևէ մեկը չի կարող նշել։ Ադրբեջանի գործողություններից, ռազմաքաղաքական իշխանության հռետորաբանությունից մենք հասկանում ենք, որ նրանք պատրաստ են ռազմական գործողություններ սկսել, իսկ թե երբ, դա արդեն բազմաթիվ հանգամանքներից է կախված՝ աշխարհաքաղաքական գործընթացներից մինչև Հայաստանի ներսում և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունները։

 -Վերջին շրջանում տարածվող տեղեկություններն արդյո՞ք խուճապ չեն առաջացնում հասարակության մեջ։

- Տեղեկացված լինելը ոչ թե խուճապ պետք է առաջացնի, այլ հակառակը՝ օգնի զգոն լինել։ Եթե մենք այս պահին չխոսենք, չասենք, որ սահմանի, շփման գծի երկայնքով կուտակումներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների, որ Ադրբեջանն ամենևին տրամադրված և մտադրված չէ խաղաղության ու խաղաղ համակեցության Հայաստանի Հանրապետության  ու հայ ժողովրդի հետ ընդհանրապես, այդ թվում՝ Արցախի Հանրապետության հետ, ստացվում է՝ մենք կամ ստում ենք, կամ կես ճշմարտությունն ենք ասում՝ այդպիսով բթացնելով մարդկանց զգոնությունը։

 - ԱՄՆ գործոնը հայ-ադրբեջանական հարաբերություններում։

- Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքի ցանկացած նախաձեռնությունից դրական ակնկալիք կամ սպասելիք չունեմ։ Նրանք արդեն ներկայացրել են հարցի կարգավորման իրենց առաջարկը, որտեղ կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի մասին որևէ խոսք չկա։ Այսինքն՝ ակնկալել, որ Ամերիկայի կամ ընդհանուր առմամբ արևմուտքի ակտիվ լինելը որևէ կերպ նպաստելու է Արցախյան հարցի հայանպաստ լուծմանը, պետք չէ, այլ պետք է սպասել հակառակը։ 

 Ռուսաստանի գործոնը կամ միջնորդությունն այս պահին։

- Այս պահին ռուսական գործոնը, ռուս խաղաղապահների ներկայությունը միակ բանն են, որ կարողանում են Արցախում ապահովել արցախցիների անվտանգությունն ու պահել այն տարածքը, ինչը մնացել է հայկական իշխանությունների վերահսկողության ներքո։ Նրանք այսօր իրենց միջնորդությունը կատարում են։

 Երբ սեփական երկիրդ որևէ պատշաճ քայլ կամ գործողություն չի կատարում՝ սեփական սահմաններն ու սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու, սեփական սահմանները վերականգնելու խնդիրը լուծելու համար, այլ երկրներից ավելին պետք չէ ակնկալել։

                                                                                                  Հարցազրույցը վարեց Ասյա Գևորգյանը

Add new comment