Դրոշ

Թե ինչ բնույթ կարող է ունենալ հայ-ֆրանսիական գործակցությունը պաշտպանական ոլորտում Ֆրանսիայում կատարվողի ֆոնին, մնում է միայն պատկերացնել

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիին: Քննարկվել են երկկողմ պաշտպանական գործակցությանն առնչվող հարցեր:

Առաջին անգամ չէ իհարկե, որ Ֆրանսիայի դեսպանը Պապիկյանի հյուրն է: Բայց, այս անգամ իհարկե այս «հյուրընկալությունը» ուշադրության է արժանանում այն ֆոնին, ինչ կատարվում է Ֆրանսիայի քաղաքական համակարգում:

Իսկ այնտեղ քաղաքական ճգնաժամի հերթական արարն է, երբ հայտարարվում է նոր կառավարության կազմում նշանակումների մասին, մեկ էլ անմիջապես հետո իր հրաժարականի մասին է հայտարարում վարչապետ նշանակված Լըկորնյուն, որն ի դեպ նախորդ՝ անվստահության արժանացած կառավարության պաշտպանության նախարարն էր:

Ի դեպ, սեպտեմբերի 10-ին Լըկորնյուի վարչապետ նշանակվելու կապակցությամբ նրան «ջերմորեն շնորհավորել էր» Սուրեն Պապիկյանը, հիշատակելով պաշտպանության նախարարի կարգավիճակում նրա հետ «արդյունավետ» գործակցության մասին:

Նոր կառավարության կազմում պաշտպանության նախարար էր նշանակվել էկոնոմիկայի նախկին նախարար Բրունե լը Մերը, բայց երկու օր անց հրաժարական տվել՝ ընդդիմության բացասական արձագանքի պատճառով:

Չի բացառվում, որ Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանին հրավիրել է հասկանալու համար, թե ի վերջո ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում, որտեղ  նախագահական երկրորդ ժամկետից ի վեր՝ 2022-ի մայիսից հետո, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը փոխում է արդեն հինգերորդ վարչապետը: Ինչպես ասում են, վարչապետներին Մակրոնը փոխում է ինչպես  ձեռնոցները կամ գուլպաները: Եվ այդ ամենը լոկ նրա համար, որ պահպանի իր նախագահական դիրքերը, ֆրանսիական հանրության մեծ հիասթափության պայմաններում:

Թե այդ պայմաններում ինչ բնույթ կարող է ունենալ հայ-ֆրանսիական գործակցությունը, առավել եւս պաշտպանական ոլորտում, մնում է միայն պատկերացնել:

Add new comment