Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման ծրագրերը. Պեսկով

Արևմուտքի արձագանքը չի փոխի Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայման ծրագրերը. Պեսկով

Արևմուտքի արձագանքը չի ազդի Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու ծրագրերի վրա: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

«(Արևմուտքի) նման արձագանքը, իհարկե, չի կարող ազդել Ռուսաստանի ծրագրերի վրա»,- ասել է նա։

Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն «ամեն ինչ բացատրել է իր հայտարարություններում, որոնք արել է շաբաթ օրը տված հարցազրույցում»։

«Դրան ավելացնելու ոչինչ չկա»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց արել է իր դաշնակիցների տարածքում։ Մոսկվան արդեն Մինսկին է հանձնել «Իսկանդեր» համալիրը, որը կարող է միջուկային զենք կրել, իսկ հուլիսի 1-ին, ըստ Պուտինի, Բելառուսի Հանրապետության տարածքում կավարտվի մարտավարական միջուկային զենքի պահեստարանի կառուցումը։

ՌԴ նախագահը նշել է, որ իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրացրել Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հարցը։ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Բելառուսի հետ համաձայնագիրը չի խախտում միջուկային զենքի չտարածման վերաբերյալ միջազգային պարտավորությունները։

Վլադիմիր Պուտինի այս հայտարարություններին հաջորդել է Արևմուտքի բացասական արձագանքը։ Մասնավորապես, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք տեղակայի Բելառուսում, Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին վերանայել այս որոշումը՝ պնդելով, որ այն ապակայունացնող է։ Մարտի 26-ին Ուկրաինայի ԱԳՆ-ի կայքում հայտարարություն է հրապարակվել, որով Կիևը կոչ է արել անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։

 

Add new comment