Գեղարդ

Բաքվի երկակի մոտեցումը Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցում

«Գեղարդ» վերլուծականը գրում է.

Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիսկտանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները Սամարղանդում 2025 թվականի ապրիլի 4-ին Եվրամիության և Կենտրոնական Ասիայի 1-ին գագաթնաժողովում ընդունեցին հռչակագիր՝ պարտավորվելով հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով «ամուր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541(1983) և 550 (1984) բանաձևերին»։ Վերջինները մերժում են Կիպրոս կղզում թուրքական անկախ պետության ստեղծումը, օրինական կազմավորում ճանաչում են միայն Կիպրոսի Հանրապետությունը՝ կիպրոսցի թուրքերին կոչ անելով հրաժարվել անկախության միակողմանի հռչակումից, իսկ ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ զերծ մնալ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (Հյուսիսային Կիպրոս, ՀԿԹՀ) ճանաչելուց։

Օրեր անց՝ ապրիլի 11-ին, Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում ՀԿԹՀ-ի փաստացի ղեկավար Էրսին Թաթարն Ադրբեջանին խորը երախտագիտություն հայտնեց հետևողական աջակցության համար։ Է․Թաթարը նաև շեշտեց, որ «Ադրբեջանը միշտ եղել է Հյուսիսային Կիպրոսի կողքին»։ Կրկնելով «մեկ ազգ, երեք պետություն» ձևակերպումը՝ Է․Թաթարն ընդգծեց Իլհամ Ալիևի ամուր կապերը Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի հետ՝ շեշտելով երկկողմ համագործակցության ներուժը հատկապես կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Է․Թաթարը նաև առաջարկեց ընդլայնել համագործակցությունն ակադեմիական և մշակութային ոլորտներում՝ ստեղծելով ուսանողական փոխանակման ծրագիր Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի համալսարանների միջև։ 

ՀԿԹՀ նախագահի խոսքերը սամարղանդյան հռչակագրի ընդունումից հետո կարող ենք դիտարկել որպես ադրբեջանական աջակցությանն ապավինում՝ հաշվի առնելով ՀԿԹՀ-ին և նրա միջազգային ճանաչման ձգտումներին լիակատար աջակցության վերաբերյալ Իլհամ Ալիևի ապրիլի 9-ի հայտարարություններին արած հղումները։  

Նույն ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հաստատեց Բաքվի «անսասան աջակցությունը ՀԿԹՀ-ին», իսկ Ալիևն իր հերթին հիշեցրեց իր աջակցությամբ Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ) ՀԿԹՀ-ի՝ դիտորդի կարգավիճակ ստանալը։

Ավելին` սկզբնաղբյուր կայքում։

Add new comment