Բրիտանական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը սկսել է կանոնավոր կերպով իրանական անօդաչու թռչող սարքեր ստանալ
Ռուսաստանը, ըստ ամենայնի, սկսել է կանոնավոր կերպով իրանական արտադրության «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի փոքր խմբաքանակներ ստանալ: Այս մասին տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ հղում անելով երկրի հետախուզական ծառայությունների տվյալներին։
Բրիտանացի զինվորականները կարծում են, որ ռուսական կողմը սկսել է փոքր խմբաքանակներով լրացնել իր պահուստները։
Հաղորդվում է, որ 2023 թվականի մարտի սկզբից Ռուսաստանն Ուկրաինայում արձակել է առնվազն 71 «Շահեդ» անօդաչու թռչող սարք: Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանն իրանական ԱԹՍ-ներն արձակում է Կրասնոդարի երկրամասից և Բրյանսկի մարզից, ինչը թույլ է տալիս թիրախավորել Ուկրաինայի լայն հատվածը և կրճատում է թռիչքի ժամանակը։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինան և նրա արևմտյան գործընկերները բազմիցս հայտնել են, որ Իրանը Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր է մատակարարում։ Իրանական կողմը մշտապես հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ երկիրը պատերազմող կողմերին սպառազինություն չի մատակարարում։
Add new comment