Ռուսաստանը միջուկային զենք կտեղակայի Բելառուսի տարածքում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում։ Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պուտինն այս մասին ասել է «Россия 24» հեռուստաընկերության եթերում։
Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, իր զենքը տեղակայելով Բելառուսի տարածքում, չի խախտի իր պարտավորությունները միջուկային զենքի չտարածման մասով, քանի որ ռուսական զինուժը չի նախատեսում դա փոխանցել Բելառուսի իշխանություններին կամ նրանց անմիջական կիրառմանը։
Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր է իր զենքը տեղակայել Բելառուսի տարածքում և բելառուսցի զինվորականներին ուսուցանել դրա կիրառումը։
Վերջինս հայտնել է, որ Ռուսաստանն արդեն օգնել է Բելառուսին մարտավարական միջուկային զենքի կիրառման համար 10 ռազմական ինքնաթիռ վերազինելու հարցում։ Նա նաև նշել է, որ Մոսկվան Մինսկին փոխանցել է «Իսկանդեր» տեսակի հրթիռային համալիրներ, որոնք ևս կարող են կրել նման լիցքեր։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ ապրիլի 3-ից Ռուսաստանը կսկսի բելառուսական անձնակազմերի ուսուցանումը, իսկ մինչև հուլիսի 1-ն իր երկիրը նախատեսում է ավարտել Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի համար հատուկ պահոցի կառուցումը։
Add new comment