Վիգեն

Կատարվածը կամայական է․ Վիգեն Էուլջեքչյանի փաստաբանները դիմել են ՄԱԿ-ի աշխատանքային խմբին

Բաքվի բանտում ապօրինաբար պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանի իրավական ներկայացուցիչները (Մարիա Լուսիանա Մինասյան (Արգենտինա) և Այտոր Մարտինես Խիմենես (Իսպանիա) խմբ․) պաշտոնապես դիմել են անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով, մատնանշելով միջազգային իրավունքի լուրջ խախտումներն ու նրա կյանքը վտանգող կալանքի ծանր պայմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Free Armenian Hostages» ֆեյսբուքյան էջը։

Նրա փաստաբանները պնդում են, որ այս կալանավորումը և դատապարտումը կամայական են և խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

«1. Իրավասության խախտում. Ադրբեջանը Էուլջեքջյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն նրան դատել և դատապարտել է ռազմական դատարանը՝ հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի (UNWGAD) հաստատված նախադեպի, այն է՝ ռազմական դատարանները իրավասություն չունեն քաղաքացիական անձանց նկատմամբ։

2. «Վարձկանության» մեղադրանքի սխալ կիրառում. համաձայն Ժնևի կոնվենցիայի՝ ՀՀ քաղաքացիությամբ (երկքաղաքացի է) Էուլջեքջյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան»,- ընդգծում են փաստաբանները։

Վիգեն Էուլջեքջյանի փաստաբանները խնդրել են աշխատանքային խմբի անդամ Գաննա Յուդկիվսկայի ինքնաբացարկը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նրա մասնագիտական կապի և Ադրբեջանի հետ անձնական կապերի հետևանքով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։

Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։

Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։ Գերության մեջ նա արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։ Վերջին` 20–օրյա հացադուլը նա հայտարարել էր այս տարվա սեպտեմբերի 2–ին։ Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին Էուլջեքչյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։

Add new comment