Մադրիդն առաջին «Leopard» տանկերը Կիևին կհանձնի Սուրբ Զատիկից հետո
Մադրիդն առաջին 6 «Leopard» տանկն Ուկրաինային կհանձնի «անմիջապես Սուրբ Զատիկից հետո», որը կաթոլիկները նշում են ապրիլի 9-ին: Ստույգ ամսաթիվ չի նշվում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իսպանիան վեց «Leopard A4» տանկն Ուկրաինա կուղարկի Զատիկից անմիջապես հետո»,- գրում է «Pais» թերթը՝ վկայակոչելով Իսպանիայի կառավարության աղբյուրների։ Մարտի 23-ին Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ավելի վաղ խոստացված վեց «Leopard» մարտական տանկն Ուկրաինա կուղարկվի այս շաբաթվա վերջին։
Հրատարակության համաձայն՝ 6 տանկն արդեն վերանորոգվել է և այս շաբաթ հրաձգության վարժանքների է մասնակցում Իսպանիայի հարավում գտնվող զինափորձարանում։ Մարտական ատեստավորում ստանալուց հետո դրանք ծովային ճանապարհով կփոխադրվեն Լեհաստան, որտեղ կհանձնվեն Կիևին։ Ըստ «Pais»-ի՝ ևս չորս «Leopard A4» տանկ պետք է հասցվի Սևիլիայի գործարան։ Աղբյուրների տվյալների համաձայն՝ մարտական մեքենաների այս խմբաքանակի վիճակն ավելի վատ է, քան առաջին խմբաքանակի վիճակը, ուստի դրանց վերանորոգման համար ավելի երկար ժամանակ կպահանջվի, իսկ վերականգնման ծախսերն ավելի թանկ կարժենան (այժմ իշխանությունները մեկ տանկի վրա ծախսել են շուրջ 684 հազար եվրո):
Հունվարին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության սկզբից թագավորության կառավարությունն ավելի քան 300 միլիոն եվրո Է հատկացրել Կիևին ռազմական օգնության համար։ Դեկտեմբերին երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Լեհաստանի տարածքով ավելի քան 40 մատակարարում է իրականացվել Ուկրաինա, այդ թվում՝ մարտական տեխնիկա, բժշկական սարքավորումներ, տարբեր հզորությունների գեներատորներ, մարդատար ամենագնացներ, շտապ օգնության մեքենաներ և հումանիտար օգնություն։
Բացի դրանից՝ Իսպանիայի կառավարությունը նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ Ուկրաինային ուղարկել է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ վեց «Hawk» կայանք և «Aspide» զենիթային համակարգ։ Իսպանիան ծրագրում Է նաև վեց «Leopard 2A4» տանկ փոխանցել Ուկրաինային: Այս տեղեկությունը հաստատել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ հայտարարելով, որ իր կառավարությունը ջանում Է այդ թիվը հասցնել 10-ի։
Add new comment