Սուրենյանց

Երբ լռությունը դառնում է մեղսակցություն․ Հայաստանի չասված պատասխանը Բայրամովին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Երբ լռությունը դառնում է մեղսակցություն․ Հայաստանի չասված պատասխանը Բայրամովին 

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցին նվիրված ֆիլմում, ներկայացրել է մի շարք դրվագներ, որոնց նպատակը ակնհայտ է՝ ոչ թե պատմությունը վերհիշել, այլ այն վերաշարադրել։ 

Ֆիլմում Բայրամովը մեղադրում է Հայաստանին՝ բանակցային գործընթացից հրաժարվելու և պատերազմ հրահրելու մեջ։ 

Նա պատմում է, թե իբրև 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած Փաշինյան–Ալիև առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանը խոստացել է լուծել ԼՂ հարցը՝ պայմանով, որ Ալիևը դադարեցնի սահմանային կրակոցները։ 

Ալիևը, ըստ նրա, հանձնարարել է «կատարյալ լռություն» պահպանել սահմանին, սակայն ընդամենը վեց ամիս անց՝ 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում կայացած հաջորդ հանդիպմանը, Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումն ու հայտարարել, թե չի կարող լուծել խնդիրը։ 

Բայրամովի այս պատմությունն ունի մեկ ակնհայտ նպատակ՝ Ադրբեջանի ագրեսիան ներկայացնել որպես «պատասխան» հայկական սադրանքին և հետին թվով լեգիտիմացնել պատերազմը՝ միջազգային լսարանի աչքում։ 

Հայաստանի իշխանությունները, սակայն, չեն արձագանքում այս մեղադրանքներին։ 

Իսկ լռությունը դիվանագիտության մեջ երբեք չեզոք չէ․ 

● կամ դա վկայում է, որ ասվածը ճիշտ է և հակափաստարկ չկա, 

● կամ դա վախ է՝ Ադրբեջանից վասալային կախվածության մեջ լինելու հետևանքով: 

Երկու դեպքում էլ՝ Բաքուն շահում է։ 

Քանի դեռ Երևանը չի ներկայացնում հիմնավոր հակափաստարկներ՝

2018–2019 թթ․ բանակցությունների փաստաթղթերը, Մինսկի խմբի ձևաչափում եղած արձանագրությունները և այն հանգամանքը, որ հենց Բաքուն էր խախտում խաղաղ գործընթացի տրամաբանությունը, միջազգային հանրության ընկալման մեջ Բայրամովի ներկայացրած տարբերակն աստիճանաբար վերածվում է «պատմական փաստի»։

 

Add new comment