Լիբիան գաղութատիրությունից մինչև Ջամահիրիյա
Լիբիան իտալական տիրապետության ներքո
642 թ. արաբները գրավեցին Լիբիան, սակայն մինչև 11-րդ դարն այն լիովին արաբականացված չէր: 16-րդ դարում Լիբիան ընկավ Օսմանյան տիրապետության տակ, 20-րդ դարի սկզբին Իտալիան Գերմանիայից և Ավստրո-Հունգարիայից Լիբիան բռնազավթելու համաձայնություն ստացավ՝ որպես Եռյակ դաշնության վերականգնման փոխհատուցում: Այդ պահից սկսած՝ Իտալիան իր դիրքերն աստիճանաբար ամրապնդեց աֆրիկյան այս երկրում, Լիբիա էին գործուղվում իտալացի առևտրականներ և միսիոներներ: 1911 թ. Իտալիան դիմեց ռազմական գործողության, սակայն չհաջողվեց կոտրել երկրի արաբական ցեղերի դիմադրությունը:
Բալկաններում նոր պատերազմի սպառնալիքը միայն ստիպեց Թուրքիային 1912 թ. հոկտեմբերի 18-ին ստորագրել Լոզանի հաշտության պայմանագիրը, ըստ որի՝ Թուրքիան զուտ ձևականորեն չճանաչեց Իտալիայի ինքնիշխանությունը Լիբիայի նկատմամբ, բայց պարտավորվեց այնտեղից դուրս բերել իր զորքերը և ետ կանչել պաշտոնյաներին՝ երկիրը, փաստորեն, հանձնելով իտալացիներին: Չնայած Լիբիայի արաբական ցեղերի համառ դիմադրությանը՝ իտալացիները 1914 թ. իրենց ենթարկեցին երկրի ներքին շրջանները, սակայն լիբիացի ժողովրդի համար միջազգային իրավիճակը բարենպաստ էր այն առումով, որ Իտալիան, 1915 թ. մայիսին մտնելով պատերազմի մեջ և պարտություններ կրելով, ստիպված եղավ բանակցություններ սկսել լիբիացիների հետ:
Լիբիայում իրավիճակը կտրականապես փոխվեց Իտալիայում ֆաշիստների իշխանության գալով: Լիբիայի իտալացի քաղաքացիական գեներալ-նահանգապետը փոխարինվեց զինվորականով, որը չեղյալ հայտարարեց նախկինում ստորագրված բոլոր պայմանագրերը: Հատուկ նպատակադրված՝ իտալական իշխանությունները թշնամանք էին սերմանում բերբերների և արաբների միջև՝ վերջիններիս դեմ օգտագործելով բերբերներից կազմված ջոկատները: Այդ իրավիճակում բռնկվեց ազգային-ազատագրական պայքարը Օմար ալ-Մուխթարի գլխավորությամբ, որը 1923-1931 թթ. պարտիզանական գործողությունների ընթացքում նյութական և մարդկային շոշափելի կորուստներ պատճառեց իտալացիներին: Սակայն 1931 թ. Ալ-Մուխթարը վիրավորվեց, գերի ընկավ և մահապատժի ենթարկվեց:
Լիբիան անհրաժեշտ էր Իտալիային որպես հարմար հենակետ Աֆրիկա և Մերձավոր Արևելք ներթափանցման համար: Իտալացի գաղութարարները նաև տնտեսական շահույթ ստանալու հեռավոր ծրագրեր էին մշակում: Իտալիայի իշխանություններն այդ ուղղությամբ հողերի բռնագրավման և ակտիվ բնակեցման քաղաքականություն էին վարում: Իտալիայի հողագործներն ու Լիբիայում պատերազմին մասնակցած զինվորներն անհատույց հողատարածքներ էին ստանում, ընդհանուր առմամբ գյուղատնտեսությամբ զբաղվելու և երկրում բնակություն հաստատելու նպատակով Լիբիա էր տեղափոխվել շուրջ 110 հազար իտալացի: Ինչ վերաբերում է արդյունաբերության զարգացմանը Լիբիայում, ապա այդ ուղղությամբ չնչին ներդրումներ էին կատարվում, այն էլ հիմնականում սննդի վերամշակման բնագավառում:
Սկսած 1933-1934 թվականներից, երբ Իտալիայի ղեկավար Մուսոլինին Եթովպիան գրավելու ծրագրեր էր մշակում, Լիբիան նույնպես արժանացավ իտալացիների սևեռուն ուշադրությանը: Իտալացիները մեծ նշանակություն էին տալիս լիբիական զորքերին: Ֆաշիստական խորհրդի որոշմամբ և Լիբիայի գեներալ-նահանգապետի գլխավորությամբ ստեղծվեց լիբիական կորպուսի հատուկ գլխավոր հրամանատարություն:
Լիբիան Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում
Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Իտալիան Լիբիայում տեղակայված մեծաթիվ ռազմական ուժեր ուներ: Սկզբնական փուլում Լիբիան ակամայից վերածվեց պատերազմական կատաղի գործողությունների թատերաբեմի: Պատերազմը հարմար առիթ հանդիսացավ Իտալիայի համար՝ գործնական քայլերի դիմելու «Հյուսիսաֆրիկյան կայսրություն» ստեղծելու իր վաղեմի քաղաքական ծրագիրն իրականացնելու համար, այդ կայսրության միջուկը լինելու էր Լիբիան:
Պատերազմը սկսելուց հետո՝ 1939 թ. հոկտեմբերին, լիբիական շեյխերը որոշում ընդունեցին պայքարել Իտալիայի տիրապետությունից Լիբիայի ազատագրման համար, և պայքարի ղեկավարությունը վստահեցին Իդրիս Սանուսիին: Վերջինս 1940 թ. օգոստոսին համաձայնագիր ստորագրեց Անգլիայի հետ և նրա տրամադրության տակ դրեց իր 14-հազարանոց լեգեոնը, որը բաժանված էր 5 գումարտակի, փոխարենը Անգլիան խոստացավ պատերազմի ավարտից հետո օգնել Իդրիսին ամրապնդել դիրքերը Լիբիայում: 1940 թ. Իտալիան ներխուժեց Եգիպտոս, և այդ պահից սկսած՝ Եգիպտոսում տեղակայված Սանուսիի լիբիական կորպուսը մասնակցեց եգիպտա-լիբիական տարածքում ծավալված մարտական բոլոր գործողություններին: Անգլիացիները կարողացան դուրս մղել իտալական զորքերին Եգիպտոսից, և 1941 թ. ձմռանը ռազմական գործողությունները ծավալվեցին Լիբիայի տարածքում: Ձմեռվա վերջերին բրիտանական զորքերն ամբողջությամբ գրավեցին Լիբիայի Կիրենաիկա շրջանը: 1942-1943 թ. նրանք ազատագրեցին նաև Տրիպոլիտանիան: Ինչ վերաբերում է Լիբիայի 3-րդ երկրամասին՝ Ֆեցցանին, ապա այն գրավվեց գեներալ Դը Գոլի կողմից ղեկավարվող և Անգլիայի դաշնակից «Մարտնչող Ֆրանսիայի» զորքերի կողմից: Այսպիսով՝ 1943 թ. ամբողջ Լիբիան ազատագրվեց իտալական տիրապետությունից: Իտալիայի պարտությունը սակայն ազատություն չբերեց Լիբիային, այն օկուպացվեց անգլիական և ֆրանսիական զորքերի կողմից:
Լիբիայի Միացյալ Թագավորության կազմավորումը
Լիբիայի 3 երկրամասի քաղաքական, տնտեսական և ֆինանսական հարցերով զբաղվում էին Անգլիայի և Ֆրանսիայի գաղութային նախարարությունները, ինչից դժվար չէր եզրակացնել, որ Լիբիայի տարածքները Լոնդոնում և Փարիզում դիտվում էին որպես գաղութային միավորներ: Օկուպացիոն իշխանությունների քաղաքականությունն առաջացրեց լիբիացիների խոր դժգոհությունը: Սակայն այս ելույթներն արագորեն ճնշվեցին: Հետպատերազմյան շրջանում Լիբիայի ճակատագրով պաշտոնապես զբաղվում էր ԱՄՆ-ի, Անգլիայի, Խորհրդային միության և Ֆրանսիայի արտաքին գործերի խորհուրդը:
1947 թ. փետրվարի 10-ին Իտալիայի հետ կնքվեց հաշտության պայմանագիր, որի 23-րդ հոդվածով Իտալիան հրաժարվում էր Աֆրիկայում իտալական տերիտորիալ տիրույթների նկատմամբ իր բոլոր իրավունքներից և իրավական հիմքերից: Միաժամանակ ԱՄՆ-ն, Անգլիան և Ֆրանսիան լրացուցիչ հայտարարություն տարածեցին, որով պարտավորվում էին Լիբիայի և իտալական մյուս գաղութների ճակատագիրը լուծել հաշտության պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում: Բնականաբար, Անգլիայի և Ֆրանսիայի քաղաքականության շնորհիվ մինչև այս ժամկետը Լիբիայի քաղաքական կարգավիճակի հարցը չլուծվեց: Ավելին՝ Անգլիան անդրկուլիսյան բանակցությունների մեջ մտավ Իտալիայի հետ Լիբիայի ապագայի և տարածքային բաժանման հարցի շուրջ: Համաձայնագիրը ստորագրվեց 1949 թ. մայիսի 7-ին, կոչվեց Բևին-Սֆորցայի պլան: Նախատեսվում էր Կիրենաիկան 10 տարի ժամկետով հանձնել Անգլիային, Տրիպոիտանիան՝ Իտալիային, իսկ Ֆեցցանը՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ն իրավունք էր ստանում Լիբիայում ունենալու իր ռազմաօդային բազան:
Լիբիայի ազգային և հայրենասիրական բոլոր ուժերը խոր վրդովմունքով ընդունեցին այդ համաձայնագիրը: Երկրում սկսեցին հակագաղութային ցույցեր, հայտարարվեց համընդհանուր գործադուլ: Տրիպոլիում հավաքվեցին ցեղերի առաջնորդները Լիբիայի բոլոր շրջաններից: Միաձայն որոշում ընդունվեց զինված դիմադրություն սկսել Լիբիայի ամբողջ տարածքում, եթե արևմտյան տերությունները փորձեն ձեռնամուխ լինել Բևին-Սֆորցայի համաձայնագրի կենսագործմանը: Այսպիսի մթնոլորտում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1949 թ. սկսեց Լիբիայի հարցի քննարկումը, մայիսի 18-ին ՄԱԿ-ը մերժեց Լիբիայի բաժանման վերաբերյալ անգլո- իտալական ծրագիրը: Նույն թվականի նոյեմբերին Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ որոշում ընդունեց Լիբիային տրամադրել անկախություն ոչ ուշ, քան մինչև 1952 թ. հունվարի 1-ը: 1950 թ. հուլիսին ստեղծվեց 21-ի կոմիտեն, որն իր ձեռքը վերցրեց սահմանադրության տեքստի պատրաստման և խորհրդարանի գումարման նախապատրաստման հարցերը, կոմիտեի աշխատանքները գլխավորում էր Լիբիայի մուֆթի Մուհամմադ Ալամը: 1950 թ. հոկտեմբերին արդեն ձևավորվեց Ազգային ժողովը, որը կազմված էր 60 պատգամավորից, մեկ ամիս անց կայացավ առաջին նիստը, հանգամանալի քննարկումներից հետո 1950 թ. դեկտեմբերին ընդունվեց Սահմանադրությունը: Սանուսին հռչակվեց Լիբիայի թագավոր, որը կրելու էր Իդրիս 1-ին տիտղոսը: 1951 թ. դեկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի սահմանած ժամանակացույցին համապատասխան՝ Իդրիս Սանուսին պաշտոնապես հռչակեց Լիբիայի անկախությունը, երկիրը կոչվեց Լիբիայի Միացյալ Թագավորություն:
«Ազատ սպաների» հեղաշրջումը
Լիբիայի առաջին Սահմանադրությունը հաստատեց Լիբիայի պետական կառուցվածքը, նրանում արձանագրված էր. «Լիբիան դեմոկրատական, ֆեդերատիվ, անկախ և ինքնիշխան պետություն է, որի կառավարման ձևը սահմանադրական միապետությունն է»: Լիբիայում որպես կառավարող դինաստիա հաստատվեց Սանուսիների դինաստիան՝ ժառանգական սկզբունքով: Այնուամենայնիվ, Լիբիայի քաղաքական և ազգային բազմաթիվ գործիչներ ավելի համարձակորեն առաջադրում էին ֆեդերատիվ կառուցվածքը վերացնելու և Լիբիան ունիտար պետության վերածելու պահանջը, որը դարձել էր համալիբիական պահանջ: Այս խնդիրը կանգնած էր Աբդ ալ-Մաջիդ Կուբարի, Մուհամմադ իբն Ուսման ալ-Սայիդի, Մոհի ադ-Դին Ֆեկինի՝ մեկը մյուսին հաջորդող կառավարությունների առջև: Հենց այս վերջին կառավարությանն էլ վիճակված էր լուծելու Լիբիայի պետական համակարգի վերակազմավորման խնդիրը: 1963 թ. ապրիլի 15-ին Մոհի ադ-Դին Ֆեկինը Դեպուտատների պալատին ներկայացրեց մի շարք կարևոր բարեփոխումների վերաբերյալ օրենքի նախագիծ, ապրիլի 27-ին էլ Լիբիայի թագավոր Իդրիս 1-ինի հրամանով Լիբիան հռչակվեց ունիտար պետություն:
Սակայն երկրում գնալով խորանում էր քաղաքական և սոցիալ-տնտեսական լարվածությունը, խմորումներ էին նաև արքունիքում: Թագավորի գլխավոր խորհրդական Օմար Շելխին և բանակի փաստացի ղեկավար Աբդ ալ-Ազիզ Շելխին վատ հարաբերությունների մեջ էին թագաժառանգ Հուսեյն Ռիզայի հետ և չէին ցանկանում նրան տեսնել գահին: Նրանք որոշեցին պետական հեղաշրջում իրականացնել: 1964 թ. բանակում ծառայող «Յունիոնիստ սոցիալիստներ» կոչվող երիտասարդ ցածրաստիճան սպաները հիմնեցին «Ազատ սպաներ» գաղտնի զինվորական կազմակերպությունը, այդ հարցում նրանք հետևեցին Նասերի օրինակին: Կազմակերպության գլխավոր մարմինը Կենտրոնական կոմիտեն էր, որը շրջահայացորեն պահպանում էր գաղտնիության բոլոր կանոնները:
«Ազատ սպաներ» կազմակերպության ղեկավարությունը սեպտեմբերի 1-ը նշանակեց ապստամբությունը սկսելու օր: Առավոտյան նրանց զորամասերը շարժվեցին 2 մայրաքաղաքների՝ Բենգազիի ու Տրիպոլիի և թագավորանիստ Ալ-Բայդայի ուղղությամբ, արդեն առավոտյան ժամը 5-ին նրանք դարձան դրության տերը, առանց դիմադրության գրավեցին կառավարական, պառլամենտի, փոստի, հեռագրատան և ռադիոյի շենքերը, ձերբակալեցին թագավորական ընտանիքի անդամներին՝ բացի թագավորից, որն այդ պահին գտնվում էր Թուրքիայում: Բենգազիի և Տրիպոլիի ռադիոկայանները միաժամանակ տեղյակ պահեցին Լիբիայի բնակչությանը, որ միապետությունը Լիբիայում տապալվել է , և իշխանությունն անցել է նորաստեղծ Հեղափոխական հրամանատարության խորհրդի՝ ՀՀԽ-ի ձեռքը: Ավելի ուշ հայտարարվեց, որ Լիբիան հռչակվում է հանրապետություն և պաշտոնապես կոչվում է Լիբիական Արաբական Հանրապետություն: Հեղաշրջումն իրականացրած «Ազատ սպաներ» կազմակերպության գլուխ կանգնած էր 27-ամյա կապիտան Մուամմար Աբու Մինյար ալ-Կադաֆին, որը գլխավորեց ՀՀԽ-ն:
Ջամահիրիյա
Կադաֆին, ղեկավարելով միապետության տապալման, Լիբիական Արաբական Հանրապետության ստեղծման և օտարերկրյա կապանքներից վերջնականապես ազատագրման գործընթացները, 1970-ականների կեսերից կենտրոնացավ լիբիական պետության սոցիալ-տնտեսական վերափոխումները նոր հիմքերի վրա դնելու առանցքային նշանակություն ունեցող խնդիրների վրա: 1974 թ. ապրիլի 5-ին Լիբիայի ղեկավարությունն ընդունեց հատուկ որոշում Կադաֆիի վերաբերյալ, որտեղ ասված էր, որ նա թեև պահպանում է լիբիական պետության ղեկավարի և զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնները, գործնականում ազատվում է քաղաքական և վարչական պարտականություններից, որպեսզի կարողանա իրեն ամբողջապես նվիրել գաղափարական և տեսական խնդիրների մշակմանը:
Կադաֆին 1976 թ. լքեց մայրաքաղաքը և քաշվեց անապատ, որտեղ բեդվինական վրանի տակ ամիսներ անցկացրեց: Ապա վերադառնալով Տրիպոլի՝ նա Լիբիայի ժողովրդին գրավոր ներկայացրեց իր երկարատև մտորումների արդյունքները: Այսպես ի հայտ եկավ Մուամմար Կադաֆիի «Երրորդ ունիվերսալ կամ համաշխարհային տեսությունը»: Եվ վերջինիս հիման վրա 1970-ականներից սկսվեց Լիբիայի պետական, սոցիալ-տնտեսական՝ իր նախադեպը չունեցող վերակառուցման գործընթացը: Այս գործընթացի հիմքը պաշտոնապես դրեց 1977 թ. մարտի 2-ին Լիբիայի հարավային անապատային գոտում գտնվող Սաբխեում գումարված Լիբիայի Համընդհանուր ժողովրդական կոնգրեսի արտակարգ նստաշրջանը:
Կոնգրեսն ընդունեց հռչակագիր Լիբիայում ժողովրդի իշխանություն հաստատելու մասին, որի համաձայն՝ ամբողջ իշխանությունն անցնում էր ժողովրդի ձեռքը: Վերացվեցին ՀՀԽ-ն և Նախարարների խորհուրդը: Լիբիական Արաբական Հանրապետությունը վերանվանվեց Լիբիական Արաբական Ժողովրդական-սոցիալիստական Ջամահիրիյայի: Ուղղակի ժողովրդաիշխանության համակարգի հիմքում բազային կամ տեղական ժողովրդական կոնգրեսներն էին, որոնք ձևավորում էին քաղաքային թաղամասերի, գյուղերի, շրջանների բնակիչները: Նրանց ենթակայությանն էր հանձնվում տվյալ թաղամասի, գյուղի և շրջանի տնտեսական հարցերի տնօրինումը: Կառավարման նոր համակարգում կարևոր տեղ էր գրավում Համընդհանուր ժողովրդական կոնգրեսը՝ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը: Նրա իրավասությունների մեջ էր մտնում օրենքների և օրենսդրական ակտերի հաստատումը: Համընդհանուր ժողովրդական կոնգրեսի գլխավոր քարտուղար ընտրվեց Մուամմար Կադաֆին: 1969 թ. դադարեցնելով Սահմանադրության գործողությունը՝ լիբիական իշխանությունները երկրի օրենսդրության հիմքում դրեցին Ղուրանը և շարիաթի օրենքները: Այս բոլոր արմատական վերափոխումների միջոցով հաստատված հասարակարգը, ժողովրդի անմիջական և չմիջնորդավորված մասնակցությունը երկրի կառավարմանը և ուղղակի ժողովրդաիշխանությունը՝ որպես մեկ ամբողջական համակարգ, Կադաֆիի և նրա զինակիցների ու համախոհների կողմից կոչվեց Ջամահիրիյա:
Add new comment