Պաղեստինյան հարցի կարգավորման ամերիկյան ծրագիրը.  Դ. Թրամփի «դարի գործարքը»

Պաղեստինյան հարցի կարգավորման ամերիկյան ծրագիրը. Դ. Թրամփի «դարի գործարքը»

Պաղեստինյան հարցի կարգավորման ամերիկյան ծրագիրը. Դ. Թրամփի «դարի գործարքը»

2020 թ. հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պարսից ծոցի ամերիկամետ երեք պետության՝ Օմանի, Բահրեյնի և ԱՄԷ-ի դեսպանների մոտ ներկայացրեց մերձավորարևելյան հարցի կարգավորման՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմի մշակած երկար սպասված խաղաղության ծրագիրը՝ «Խաղաղություն հանուն բարգավաճման. պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների կյանքի բարելավման տեսլական» անվանումով, որը համաշխարհային տեղեկատվական և քաղաքական հարթակներում առավել հայտնի է «դարի գործարք» անվանումով:

Ծրագրի առաջին՝ տնտեսական հատվածը 2019 թ. հունիսի 25-26-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի երկօրյա միջազգային համաժողովում հանրայնացրել է ծրագրի «կնքահայր», ԱՄՆ նախագահի փեսա և ավագ խորհրդական, ազգությամբ հրեա Ջարեդ Քուշները: Պաղեստինցիները կտրականապես մերժել են ինչպես ծրագրի տնտեսական, այնպես էլ քաղաքական հատվածները, տարբեր ձևաչափերում դրանց դեմ են հանդես եկել հիմնական իրավասու միջազգային կազմակերպությունները՝ Արաբական պետությունների լիգան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Արաբական երկրների միջխորհրդարանական ասամբլեան, Եվրամիությունը. առաջիկայում այն կքննարկվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ ևս, մեծ հավանականությամբ, չի արժանանա ԱԽ անդամների հավանությանը: Կողմ են հանդես եկել Իսրայելը, Մեծ Բրիտանիան, մասնավոր ձևաչափերում՝ նաև Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Օմանը և այլն:

«Դարի գործարքի» հանդեպ միջազգային հանրության նման հակասական վերաբերմունքը պայմանավորված է երկու փոխկապակցված հանգամանքով․ նախ՝ Վաշինգտոնի՝ որպես ոչ հավասարակշռված ու չեզոք միջնորդ հանդես գալը, երկրորդ՝ ծրագրի ակնհայտ իսրայելամետ բնույթը: Առաջին իրողության հետ կապված՝ հարկ է փաստել, որ Դ. Թրամփի պաշտոնավարման ընթացքում ամերիկա-իսրայելական հարաբերությունները բոլոր հարթություններում հասել են աննախադեպ բարձր մակարդակի. հիրավի, Թրամփը համարվում է Ամերիկայի ամենաիսրայելամետ նախագահը: Նրա վարչակազմի ընդունած մի շարք որոշումներ, ինչպես, օրինակ, Իրանի միջուկային ծրագրից միակողմանիորեն դուրս գալու, միասնական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելու, Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ և այլն, միանշանակորեն վնասել են ԱՄՆ-ի՝ որպես անկողմնակալ միջնորդի հեղինակությունը տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների համատեքստում: Ասել է թե, դեռևս ծրագրի նախապատրաստման փուլում ակնհայտ էր անմիջական շահառուների և միջազգային հանրության հիմնավորված բացասական վերաբերմունքը դրա հանդեպ:

Երկրորդ հանգամանքը պայմանավորված է հենց ծրագրի միակողմանի բնույթով, որը միտված է բացարձակապես Իսրայել պետության անվտանգային, տնտեսական, քաղաքական շահերի առարկայացմանը: «Դարի գործարքը» բովանդակային առումով տարբերվում է Պաղեստինի բաժանման՝ ՄԱԿ-ի ԳԱ 181 բանաձևի առաջարկած լուծումներից, ինչպես նաև 1967 թ. արաբա-իսրայելական «վեցօրյա» պատերազմից առաջ եղած սահմաններում «երկու պետություն երկու ժողովրդի համար» բանաձևով հիմնախնդրի կարգավորման բազմաթիվ տարբերակներից:

Ընդհանուր առմամբ, 181-էջանոց ծրագիրը բավականաչափ մանրակրկիտ մշակված, հաշվարկված, քարտեզագրված, հետաքրքիր լուծումներ առաջարկող նախագիծ է, որի բովանդակային տրամաբանությունը կարելի է բանաձևել «փող տարածքի դիմաց» գործարարական սկզբունքով: Ծրագրի հիմքում ընկած է երկու պետությունների փոխադարձ ճանաչումը։ Պաղեստինի տարածքը, որը բաղկացած է Գազայի հատվածից և Հորդանան գետի արևմտյան ափից, առաջարկվում է անքակտելիորեն կապել արագընթաց տրանսպորտային հաղորդակցությամբ. Թրամփի խոսքով՝ արաբական պետության տարածքն այդկերպ պետք է կրկնակի ավելանա: Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է ԱՄՆ ղեկավարը, ԱՄՆ-ն հաստատակամորեն մտադիր է օրինական ճանաչել հրեական բնակավայրերը Հորդանան գետի արևմտյան ափին գրավված պաղեստինյան հողերի վրա, այսինքն՝ այդպիսով որպես Իսրայելի տարածք ճանաչել 1967 թվականից հետո վերջինիս գրաված հողերը: Հատկանշական է, որ «Թվիթերի» իր էջում ԱՄՆ նախագահը նույնիսկ տեղադրել է համապատասխան քարտեզ, որտեղ սխեմատիկ կերպով պատկերված են ապագա փոփոխությունները, որոնք ենթադրում են «գործարք»։

Ընդհանուր 50 մլրդ դոլարի ֆինանսական ներդրումների խոստումների դիմաց, որից 28 միլիարդը ներդրվելու է ձևավորվելիք պաղեստինյան պետության, իսկ 22 միլիարդը՝ պաղեստինցի փախստականներ ունեցող երկրների տնտեսություններում, ԱՄՆ վարչակարգը պաղեստինցիներին առաջարկում է․

1.    հրաժարվել Արևելյան Երուսաղեմից՝ որպես ստեղծվելիք պետության մայրաքաղաքից, ինչպես նախատեսվել է հիմնախնդրի կարգավորմանը նվիրված գրեթե բոլոր ծրագրերում և միջազգային կազմակերպությունների բանաձևերում, և բավարարվել Արևելյան Երուսաղեմի որոշ արվարձաններով, որտեղ էլ «հպարտորեն» կբացվի ԱՄՆ դեսպանատունը,

2.    ճանաչել Հորդանան գետի արևմտյան ափի առավել կարևոր հատվածներում Իսրայելի ներկայությունը՝ դրա փոխարեն ստանալով «արաբական եռանկյունին» և անապատային որոշ, ըստ էության, «անպետք տարածքներ»,

3.    պաղեստինցի փախստականներին՝ հրաժարվել հայրենիք վերադառնալու իրավունքից և ստանալ իրենց ընդունած երկրների քաղաքացիությունը,

4.    հրաժարվել ձևավորվելիք պետության ռազմականացումից և այլն:

Չնայած ծրագրի իրականացման համար սահմանվում է ընդհանուր 4 տարի ժամկետ, այդուհանդերձ վերոնշյալ հոգեբանական և միջազգային իրավական նրբությունները միանշանակորեն հիմք են տալիս կանխատեսելու դրա հետ կապված հիմնական շահառուների հնարավոր արձագանքները: Ըստ այդմ՝ պաղեստինյան կողմը և այն ներկայացնող հիմնական կազմակերպությունները որևէ կերպ չեն կարող ընդունել մի ծրագիր, որքան էլ այն շահեկան թվա, որը նրանց կզրկի ՄԱԿ-ի ԱԽ-ի թեմատիկ բոլոր բանաձևերով, Օսլոյի, Քեմփ Դևիդի ձևաչափերով իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված բազմաթիվ այլ փաստաթղթերով իրենց խոստացված «հայրենի տարածքներից»:

Արաբական և մուսուլմանական որևէ դերակատար գոնե առերևույթ չի կարող աջակցել արաբամուսուլմանական ամբողջ աշխարհն առնվազն հոգեբանորեն միավորող ամենաառանցքային խնդրի՝ «պաղեստինյան դատի» անարդար լուծման որևէ տարբերակի, «Սուրբ քաղաքի»՝ Երուսաղեմի ճակատագրի հակապաղեստինյան բովանդակությամբ լուծմանը:

Միջազգային առանցքային, նաև վերոնշյալ դերակատարները որևէ կերպ չեն կարող աջակցել այս հիմնախնդրի հանգուցալուծման մի ծրագրի, որն իր էությամբ ամբողջապես հակասում է դրա կարգավորմանը նվիրված գրեթե բոլոր միջազգային փաստաթղթերին:

Վերոնշյալի համատեքստում գործարքի հեղինակները և նրանց կողմնակիցները ստեղծված իրավիճակում և կարճաժամկետ հեռանկարում մեծ հավանականությամբ կարող են գործել հետևյալ հիմնական հարթություններում․

- իսրայելական կողմը, Վաշինգտոնի հետ համագործակցությամբ, կարող է ձեռնամուխ լինել ծրագրի միակողմանի իրականացման աշխատանքներին, օրինակ՝ Արևմտյան ափի հրեական բնակավայրերի և այլ շրջանների բռնակցման գործընթացին,

- ստվերային և մեկուսի քայլերով ԱՄՆ-ն կարող է փորձել ընդլայնել համախոհների շրջանակը՝ հատկապես ձգտելով գործընկերներ գտնել նաև պաղեստինյան ու մուսուլմանական դերակատարների շրջանում և այլն:

Միջազգային արձագանքը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանել է ԱՄՆ նախագահի առաջարկը՝ այն անվանելով «իրատեսական ճանապարհ դեպի խաղաղություն», և խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնել։ Իսկ ինչ վերաբերում է քննարկվող նախաձեռնության վերաբերյալ իսրայելական բնակչության կարծիքին, ապա, ըստ բնակչության շրջանում անցկացված հարցման, իսրայելական հասարակությունը թերահավատորեն է վերաբերում այս ծրագրի հեռանկարներին։ Հրեա քաղաքացիների 71 տոկոսը և իսրայելցի արաբների 85 տոկոսը հաջողության հնարավորություններն աննշան կամ չնչին են գնահատում։

Մեկ այլ հարցման նպատակն էր պարզել բնակչության կարծիքը Թրամփի՝ Իսրայելի շահերը պաշտպանելու վերաբերյալ։ Հրեաների 74 տոկոսը և իսրայելցի արաբների 95 տոկոսը կարծում են, որ Թրամփի համար Իսրայելի շահերն այս ծրագրում չափավոր կամ շատ ավելի կարևոր են, քան Պաղեստինի շահերը։

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը մերձավորարևելյան հարցի կարգավորման ԱՄՆ ծրագիրն անվանել է «դարի ապտակ», «դավադրություն», «դավաճանություն», «ազգային նախագիծը վերացնելու ծրագիր»՝ հայտարարելով, որ «Պաղեստինը չի վաճառվում»․ «Մենք մերժում ենք «դարի գործարքը», քանի որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը 1967 թվականին գոյություն ունեցած սահմաններում պաղեստինյան պետության ստեղծումն է»։

ՀԱՄԱՍ-ն ԱՄՆ ծրագիրը որակել է որպես «միջազգային իրավունքի խախտում» և կոչ արել արաբական ու մուսուլմանական երկրներին «մերժել նախագիծը» և «աջակցել միայն Պաղեստինին»։

Փետրվարի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցկացրել է բաց հանդիպում՝ քննարկելու ԱՄՆ առաջարկը, որի ընթացքում Աբբասը հայտարարել է, որ «Պաղեստինը մերժում է ԱՄՆ ծրագիրը»։ Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտն այն փաստն է, որ Արևելյան Երուսաղեմն այլևս Պաղեստինի ինքնիշխանության տակ չի գտնվում։ Աբբասը նաև հայտարարել է, որ ԱՄՆ ծրագիրը «նպատակ ունի օրինականացնելու այն, ինչ անօրինական է համարվում», մասնավորապես պաղեստինյան հողերի բռնագրավման և բռնակցման իսրայելական կարգավորման գործընթացները։ Նա Իսրայելի հետ երկխոսելու պատրաստակամություն է հայտնել և շեշտել է Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային գիտաժողով հրավիրելու անհրաժեշտությունը՝ հակամարտության երկու կողմերի և Մերձավոր Արևելքի քառյակի մասնակցությամբ, որը ներառում է նաև Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՄԱԿ-ը:

Ավելին՝ Պաղեստինում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Աբբասի ելույթի նախօրեին ցույցեր են անցկացվել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ ծրագրի դեմ: Բողոքի ցույցերը տեղի են ունեցել Արևմտյան ափին և Գազայի հատվածում, ըստ տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ դրանց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Ի դեպ, Իսրայելն ինքնին, կարծես չնկատելով հակառակորդի արձագանքը, սկսել է իրականացնել «դարի գործարքը»: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 8-ին ասել է, որ իսրայելա-ամերիկյան հանձնաժողովն արդեն սկսել է Իսրայելի նոր քարտեզը կազմել այն տարածքներով, որոնք, ըստ ծրագրի, պետք է անցնեին Պաղեստինին:

Ծրագրի դեմ է հանդես եկել նաև Արաբական երկրների լիգան, որը հայտարարել է, որ լիգան չի պատրաստվում համագործակցել Միացյալ Նահանգների հետ այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով, քանի որ այդ գործարքը չի կարող հանգեցնել երկու կողմերի միջև խաղաղության հաստատմանը։ Գործարքի հրապարակման օրը Իրանի արտաքին գործերի նախարար Ջ. Զարիֆը քննադատել է այդ ծրագիրը՝ անվանելով այն «տարածաշրջանի և աշխարհի համար մղձավանջ»։

Դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև լիբանանյան «Հիզբոլլահ» կուսակցությունը, որը նախագիծն անվանել է «ամոթի գործարք»՝ հայտարարելով, որ այսկերպ «Միացյալ Նահանգները փորձում է ոչնչացնել պաղեստինցիների պատմական իրավունքները», իսկ արաբական այն երկրները, որոնք կաջակցեն այդ ծրագրին, կկոչվեն «դավաճաններ» և «դավադրության հանցակիցներ»։ Նման կոչով հանդես է եկել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ հայտարարելով, որ «դարի գործարքն օկուպացման նախագիծ է», իսկ Թուրքիան չի պատրաստվում «Տաճարի լեռը թողնել իսրայելական գրոհայիններին»։ ՌԴ Պետդումայի արտաքին հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին քննադատել է ԱՄՆ ծրագիրը՝ ասելով, որ «նախագիծն իրական լուծում չի պարունակում, ցանկացած այդպիսի ռազմավարություն առաջին հերթին պետք է հիմնված լինի Պաղեստինի մասնակցությամբ բանակցային գործընթացի վրա»։

Շատ բևեռային էին եվրոպական մայրցամաքում մերձավորարևելյան կարգավորման ծրագրի գնահատականները։ Շվեդիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Վաշինգտոնի առաջարկները չեն համապատասխանում այն պահանջներին, որոնք ԵՄ-ն ներկայացնում է խնդրի լուծման համար: «Կայուն խաղաղությունը պահանջում է, որ բանակցություններին մասնակցեն երկու կողմերը։ Անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես Իսրայելի, այնպես էլ Պաղեստինի կարիքները»։ Իսկ, օրինակ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը ողջունել է «դարի գործարքը»՝ անվանելով այն լուրջ առաջարկ, որը, նրա խոսքով, «շատ ժամանակի և ջանքերի արդյունք է»։

Թե ինչպիսի զարգացում կունենա այս գործընթացը, կամ կընդունվի այս ծրագիրը, թե ոչ, դժվար է կանխորոշել, սակայն Թրամփի նախաձեռնությունը փոխադարձ բացառիկ խոստումներ է տալիս հակամարտության կողմերին, ինչը, ամենայն հավանականությամբ, անհնար կդարձնի դրա իրականացումը: Բայց «դարի

գործարքը» որևէ հիմք չի տվել հավատալու, որ հակամարտության կողմերը կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջը:

 

Add new comment