Իրանի նոր դեսպանի նշանակման լուրը համընկավ Ադրբեջանի կողմից Սյունիքում հերթական տարածքային նվաճման հետ. Վ. Գեղամյան

Իրանի նոր դեսպանի նշանակման լուրը համընկավ Ադրբեջանի կողմից Սյունիքում հերթական տարածքային նվաճման հետ. Վ. Գեղամյան

Երեկ հայտնի դարձավ, որ Իրանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում, նորանշանակ դեսպանը Մեհդի Սոբհանին է, որը 2021 թվականից Իրանի դեսպանն էր Սիրիայում, այս մասին իր տելեգրամյան ալիքում գրառում է արել թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Թյուրքագետը նշել է․«Անցյալ տարի էլ Սյունիքում (ք. Կապան) Իրանի առաջին հյուպատոս նշանակվեց Մորթեզա Աբեդին Վարամին, որը մինչ այդ ծառայում էր Եմենում։ Թե՛ Սիրիան, թե՛ Եմենը Իրանի համար առաջնային նշանակության աշխարհաքաղաքական գոտիներ են, որտեղ Իրանն իրականացնում է ռազմաքաղաքական լայն գործունեություն։ Կարելի է ենթադրել, որ նման փորձառություն ունեցող դիվանագետների նշանակումը Հայաստանում պատահական չէ։ Մերձավոր Արևելքի բազմաթիվ գործընթացների հանգույցն այժմ Սյունիքի շուրջ է պտտվում։ Ուստի Իրանը ևս պատրաստվում է՝ Հայաստան ուղարկելով փորձված կադրերի։

Իրանի նոր դեսպանի նշանակման լուրը համընկավ Ադրբեջանի կողմից Սյունիքում հերթական տարածքային նվաճման հետ. երեկ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ դե-ֆակտո իշխանության թույլտվությամբ նվաճել են Տեղ գյուղից մոտ 400 հեկտար տարածք։ Փաստացի, ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը Սյունիքի պաշտպանությամբ չի զբաղվում, և որտեղ հնարավոր է, թշնամին առաջ է գալիս։ Ու շարունակելու է գալ։ Մինչդեռ Իրանի հետ համագործակցությամբ հնարավոր է ոչ միայն թույլ չտալ առաջխաղացում, այլև անել ավելին»։

Ընդգծենք, որ շուտով Սոբհանին կգործուղվի Երևան՝ որպես Հայաստանի Հանրապետությունում Իրանի նոր դեսպան։ Նշվում է նաև, որ Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնում էլ արդեն հաստատվել է Հոսեյն Աքբարիի թեկնածությունը։ Հայաստանում Իրանի դեսպանն այս պահին Աբբաս Բադախշան Զոհուրին է։

Add new comment