Անկարա

Անկարան հերքել է Դամասկոսի օդանավակայանում թուրքական ռազմական ռադար տեղադրելու լուրերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքել է այն լուրերը, թե Անկարան իբր ռադիոլոկացիոն համակարգ է տեղակայել Դամասկոսի միջազգային օդանավակայանում՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Պնդումները, թե Թուրքիան ռադիոլոկացիոն համակարգ է տեղադրել Դամասկոսի միջազգային օդանավակայանում՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար, ապատեղեկատվություն են պարունակում»,- ասված է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչությանը կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։

Վարչակազմից պարզաբանել են, որ Դամասկոսի օդանավակայանում տեղադրված օդային երթևեկության կառավարման ռադիոլոկացիոն համակարգն օգտագործվում է բացառապես քաղաքացիական նպատակներով։ Թուրքական կողմի տվյալներով՝ սարքավորումը տեղադրվել է սիրիական իշխանությունների հարցումներին և կարիքներին համապատասխան և ուղղված է օդային տարածքի վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև թռիչքների անվտանգության ապահովմանը։

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ նման հաղորդագրությունները սպեկուլյատիվ բնույթ են կրում և նպատակ ունեն խաթարել Թուրքիայի հարաբերությունները բարեկամ, եղբայրական և հարևան պետությունների հետ։ Իշխանությունները հորդորել են նշանակություն չտալ նման հրապարակումներին։

 

Add new comment