Թրամփը հույս ունի, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտություն չի լինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է խոսել Իրանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել ևս մեկ ռազմանավ, իսկ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ կլինեն իրականացնել նախագահի ցանկացած որոշում։
Լրագրողների հետ զրույցում Թրամփը չի մանրամասնել որևէ երկխոսության բնույթի և ժամկետների մասին, ինչպես նաև չի նշել, թե Վաշինգտոնից ով է ղեկավարելու բանակցությունները։
«Ես դա պլանավորում եմ, այո», - ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են Թեհրանի հետ հնարավոր քննարկումների մասին: «Մենք այժմ շատ շատ մեծ, շատ հզոր նավեր ունենք, որոնք նավարկում են դեպի Իրան, և հիանալի կլիներ, եթե մենք դրանք չօգտագործեինք»:
ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Թրամփը վերանայում է իր տարբերակները, բայց դեռ որոշում չի կայացրել՝ հարվածե՞լ Իրանին, թե՞ ոչ։ Վերջին շաբաթներին ԱՄՆ-Իրան լարվածությունը սրվել է Իրանում իշխանությունների կողմից բողոքի ցույցերի արյունալի ճնշումից հետո։ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել, եթե Իրանը շարունակի սպանել ցուցարարներին:
Add new comment