Թուրքիան փորձում է կանխել ԱՄՆ-ի հարվածն Իրանին. ԶԼՄ
Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում Իրանի ուղղությամբ ամերիկյան հնարավոր հարվածը կանխելու համար, սակայն Վաշինգտոնի և Թեհրանի միջև անվստահությունը պահպանվում է։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է թուրքական կառավարամետ «Hürriyet» թերթը։
«Կողմերի հետ շփումները ցույց են տալիս, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Իրանը շահագրգռված են, որ իրավիճակը բանակցային ճանապարհով լուծվի, բայց առանցքային խնդիր է շարունակում մնալ կողմերի միջև փոխադարձ անվստահությունը», – նշում է թերթը։
Թերթը պնդում է, որ Թուրքիան այս հարցում նույնիսկ ավելի շատ ջանքեր է գործադրում, քան Իրանը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում, հայտարարել է, որ Անկարայի համար կարևոր է Իրանի կայունությունը։
«Իրանի անվտանգությունը կարևոր է մեզ համար։ Իրանի կայունությունը կարևոր է մեզ համար։ Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և երկխոսության հիման վրա՝ առանց նոր պատերազմ սանձազերծելու», – Էրդողանի խոսքերն է մեջբերում թերթը։
Add new comment