Ուկրաինա

Շվեդիան Ուկրաինայի համար պատրաստում է ռազմական օգնության խոշորագույն փաթեթներից մեկը

Ուկրաինան և Շվեդիան քննարկում են Ստոկհոլմի կողմից տրամադրվող ռազմական օգնության հաջորդ խոշոր փաթեթի բովանդակությունը։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից՝ նախարար Միխայլո Ֆյոդորովի և շվեդ պաշտոնակից Պոլ Յոնսոնի զրույցի արդյունքներով, հաղորդում է «Европейская правда»-ն։

Զրույցի ընթացքում Ֆյոդորովը Յոնսոնի հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող շվեդական ռազմական օգնության հաջորդ փաթեթի բաղադրիչները, որը որակվում է որպես «խոշորագույններից մեկը»։

«Շվեդական կողմը պատրաստում է օգնության ծավալուն փաթեթ, որը կներառի հակաօդային պաշտպանության միջոցներ և Saab ընկերության արտադրության ռադարներ, ինչպես նաև ներդրումներ ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի լրացուցիչ համակարգեր և անօդաչու սարքեր, այդ թվում՝ deep strike-եր՝ հեռահար հարվածների համար նախատեսված»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը նաև «առարկայական քննարկել են» Gripen ինքնաթիռների մատակարարման և Meteor հրթիռների փոխանցման հնարավորությունը, որոնք կառավարվող ավիացիոն ռումբեր կրող ինքնաթիռներին դիմակայելու հիմնական միջոցներն են։

Նշվում է, որ Ուկրաինան և Շվեդիան քննարկում են նաև PURL նախաձեռնությանը (որն ապահովում է Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնումն այլ դաշնակիցների հաշվին) լրացուցիչ մասնակցության հնարավորությունը, մասնավորապես՝ ռուսաստանյան բալիստիկ հրթիռներին դիմակայելու միջոցներ ձեռք բերելու համար։

Ուկրաինայի կառավարությունն ակնկալում է, որ Ուկրաինայում Gripen-ի արտադրամասը կհայտնվի 2033 թվականին, իսկ հենց ինքնաթիռները՝ «զգալիորեն ավելի վաղ»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջին ինքնաթիռները կարող են ստացվել արդեն 2026 թվականին։

 

Add new comment