ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնել են վերսկսել բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը
Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները համաձայնության են եկել վերսկսել բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM):
Հայտարարության մեջ նշվում է, որ այս երկխոսությունը կասեցվել է 2021 թվականի աշնանը։
Ընդգծվում է, որ այս հաղորդակցման ուղին կողմերին թույլ կտա պահպանել մշտական կապ՝ նրանց հնարավորություն տալով աշխատել համաշխարհային կայունությունը պահպանելու ուղղությամբ։
«Զինվորականների միջև երկխոսության պահպանումը կարևոր է համաշխարհային կայունության և խաղաղության համար և ապահովում է գործիքներ թափանցիկության բարձրացման և լարվածության թուլացման համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Add new comment