Դրոշ

ԱՄՆ-ն ու Իրանն այսօր Օմանում բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն

Միացյալ Նահանգներն ու Իրանն այսօր Օմանում պատրաստվում են բարձր մակարդակի բանակցություններ անցկացնել: Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների հարցը քննարկման առարկա չէ:

Նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կգլխավորեն իրենց պատվիրակությունները:

«Իրանը բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցած տարվա իրադարձությունների վառ հիշողություններով: Մենք բարի կամքով ենք գործում և անսասան ենք մեր իրավունքների պաշտպանության հարցում»,- այսօրվա բանակցություններից առաջ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը զգուշացրել էր, որ եթե հնարավոր չլինի գործարք կնքել, ապա «վատ բաներ կարող են տեղի ունենալ»։

Հիշեցնենք՝ այսօր ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը։ «ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Ամերիկացիները պետք է դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա լքելու հնարավորությունը»։- Այս մասին ասված է Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

 

Add new comment