ԱՄՆ-ն Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին. CENTCOM

ԱՄՆ-ն Սիրիայում ոչնչացրել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին. CENTCOM

Հեղինակ
Հերմինե Մինասյան

ԱՄՆ զինվորականները Սիրիայում ավիահարվածի ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ ասվում է. «CENTCOM-ի ուժերը միակողմանի հարված են հասցրել Սիրիայում՝ վերացնելով ԻՊ-ի պարագլուխներից Խալիդ Այդ Ահմադ ալ-Ջաբուրիին»։ 
Նշվում է, որ ահաբեկիչը «պատասխանատու էր Եվրոպայում հարձակումների ծրագրման համար և մշակել էր ԻՊ-ի կազմակերպական կառուցվածքը»։ CENTCOM-ը հավելել է, որ ավիահարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության՝ չնայած ԻՊ-ն թուլացել է, սակայն այն շարունակում է գործողություններ իրականացնել տարածաշրջանում և ցանկություն ունի հարվածներ հասցնելու Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս: 
«Խալիդ Այդ Ահմադ ալ-Ջաբուրիի մահը ժամանակավորապես կխաթարի կազմակերպության ունակությունը՝ ծրագրելու արտաքին հարձակումներ»,- նշում է CENTCOM-ը: 

2022 թվականի փետրվարի 3-ին Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ զինուժը հակաահաբեկչական հաջող գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի շնորհիվ ոչնչացվել է ԻՊ պարագլուխ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշին, որը նաև հայտնի էր որպես Աբու Աբդուլլա Քարդաշ:

Add new comment

From the author