Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն՝ կապված Բաքվում Իրանի դեսպանատան բողոքի նոտայի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել է, որ ադրբեջանական կողմը բողոքի նոտան ստացել է ապրիլի 3-ին։ Նրա խոսքով՝ ադրբեջանական լրատվամիջոցների մասին իրանական կողմի գրառման մեջ առկա տեղեկություններն «օբյեկտիվություն չեն արտահայտում»։
Այխան Հաջիզադեն նշել է, որ հանդիպմանն իրանական կողմին ներկայացվել է պատասխան գրություն, ինչպես նաև իրանական լրատվամիջոցներում հրապարակված հակաադրբեջանական նյութերի ցանկ։
Հաղորդվում է՝ Իրանի դեսպանին փոխանցվել է, որ Ադրբեջանի, ինչպես նաև երկրի բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ վիրավորական, կեղծ, զրպարտչական և կողմնակալ տեղեկատվությունը, Իրանի հասարակական և քաղաքական հայտնի գործիչների ոչ ճշմարիտ հայտարարություններն ու ելույթները վնասում են երկու երկրների հարաբերությունները և թյուրիմացություն առաջացնում։
Ադրբեջանական կողմը նաև պնդել է, թե իբր երկկողմ հարաբերություններում առաջացած թյուրըմբռնումները մշտապես «պայմանավորված են Իրանի միակողմանի գործողություններով, իսկ ադրբեջանական կողմի հետևողական և բարեխիղճ քայլերը Թեհրանի համարժեք արձագանքը չեն ստանում»։
Add new comment