Հայ Ազգային կոնգրեսի ցավակցությունը Վահան Բայբուրդյանի մահվան կապակցությամբ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/03/10/1543430/  © 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը

Հայ Ազգային կոնգրեսի ցավակցությունը Վահան Բայբուրդյանի մահվան կապակցությամբ.

Կյանքից հեռացավ վաստակաշատ պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիվանագետ Վահան Բայբուրդյանը։

Վահան Բայբուրդյանը հայտնի է առաջին հերթին իր գիտական վաստակով։ Նրա ուսումնասիրության շրջանակներն են եղել Իրանի եւ իրանահայության պատմությունը, մասնավորապես Նոր Ջուղայի խաղացած տնտեսական եւ քաղաքական դերը, թուրք-իրանական հարաբերությունները, Հայկական հարցը, հայ-քրդական հարաբերությունները եւ այլն։

Վահան Բայբուրդյանը Իրանի իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանն էր 1992 թվականից մինչեւ 1998 թվականը՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի կարգավիճակով։ Այս տարիները ճակատագրական էին Հայաստանի համար ընդհանրապես, եւ բազմաթիվ խնդիրների շարքում խուլ շրջափակման մեջ հայտնված մեր երկրի համար կարեւորագույններից էին Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները։ Վահան Բայբուրդյանը կարողացավ գիտնականի իր հարուստ իմացությունների պաշարին գումարել դիվանագիտական արվեստի հմտությունները, ինչը եւ կարեւոր նախապայմաններից մեկը հանդիսացավ զրոյական հիմքից սկսված հայ-իրանական կենսական հարաբերությունների ձեւավորման, զարգացման եւ արդյունավորման համար։

Բարձր գնահատելով Վահան Բայբուրդյանի գիտական եւ դիվանագիտական վաստակը՝ Հայ Ազգային Կոնգրեսը իր վիշտն է հայտնում նրա մահվան առիթով եւ ցավակցում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։

 ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ցավակցությունը

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մարտի 9-ին կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչը՝ ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի երկարամյա վարիչ Վահան Բայբուրդյանը:

Նրա գիտական գործունեությունը, նվիրվածությունը իրանագիտության զարգացմանը և նրա մարդկային կերպարը մեծ հետք են թողել գործընկերների, աշակերտների և գիտական հանրության մեջ։

Հոգեհանգստի կարգը և հրաժեշտի արարողությունը տեղի կունենան չորեքշաբթի՝ մարտի 11-ին 18:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցիում (Նոր Նորք, 5-րդ զանգված)։

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 12-ին՝ նույն վայրից։

Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և գնահատել են նրան»։

Վահան Բայբուրդյանը 92 տարեկան էր:

 

 


 

Add new comment