Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր ու վիրավորներ
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 12-ի առավոտյան Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն յոթ և վիրավորվել 21 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ լուսաբացին հարվածներ են հասցվել նաև Լիբանանի հարավում գտնվող Կանա, Նակուրա և Տայբե բնակավայրերին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բեյրութում «Հեզբոլլահ»-ի տեղակայման վայրերին։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են նաև, որ մարտի 11-ին հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի 10 թիրախի։
Արմատական «Հեզբոլլահ» շարժումն իր հերթին հայտարարել է, որ գիշերը հարձակումներ է իրականացրել իսրայելական զորքերի և բազաների վրաՀայտարարության համաձայն՝ թիրախավորվել են Յաարա զորանոցը, ինչպես նաև հրթիռային հարձակումներ են իրականացվել Բեյթ Լիդ բազայի, Թել Ավիվի մոտ գտնվող Գլիլոտ բազայի և Հայֆայի մոտ գտնվող Ատլիտ բազայի վրա։
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ նաև հրետանային կրակ է բացել հարավային Լիբանանում գտնվող իսրայելական զորքերի վրա և ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի Նահարիա բնակավայրի ուղղությամբ։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մեկնարկած հակամարտության ֆոնին։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 570 մարդ, իսկ վիրավորվել՝ 1444-ը։
Add new comment