Մակրոն

Մակրոնը հայտնել է Իրաքում ֆրանսիացի զինվորականների շրջանում մեկ զոհի, մի քանի վիրավորի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի շրջանում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել է մեկ ֆրանսիացի սպա, և վիրավորվել է մի քանի զինվոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնը նշել է X հարթակում գրառման մեջ։

Զոհվածը գլխավոր ենթասպա Առնո Ֆրիոնն է. նա Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած պատերազմից ի վեր առաջին ֆրանսիացի զոհն է։«Նրա ընտանիքին և զինակիցներին հայտնում եմ ազգի խորին ցավակցությունն ու համերաշխությունը։ Մեր մի քանի զինվոր վիրավորվել է։ Ֆրանսիան նրանց և նրանց սիրելիների կողքին է», – նշել է նա։

Մակրոնը դատապարտել է տարածաշրջանում «Իսլամական պետության» դեմ 2015 թվականից պայքարող ֆրանսիական ուժերի վրա հարձակումները՝ դրանք անվանելով «անընդունելի»։ 

«Նրանց ներկայությունն Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի խիստ շրջանակի մաս է կազմում։ Իրանում պատերազմը չի կարող արդարացնել նման հարձակումները», – նշել է Մակրոնը։

France 24-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի բանակը մարտի 12-ին հայտարարել է, որ տարածաշրջանում հակաահաբեկչական վարժանքներ անցկացնող վեց ֆրանսիացի զինվոր վիրավորվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Add new comment