Ամերիկյան F-35 կործանիչն իրանական կրակի հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել․ CNN
Ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչն արտակարգ վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ավիաբազայում, այն բանից հետո, երբ, ենթադրաբար, խոցվել է իրանական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել է, որ հինգերորդ սերնդի գաղտնի ինքնաթիռը «մարտական առաքելություն էր իրականացնում Իրանի վրայով», երբ ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել։
Հոքինսը նաև ասել է, որ ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել, և միջադեպը հետաքննվում է։
«Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել, և օդաչուի վիճակը կայուն է։ Այս միջադեպը հետաքննվում է», - հավելել է Հոքինսը։
Սա առաջին դեպքն է, երբ Իրանը հարվածում է ԱՄՆ ինքնաթիռի փետրվարի վերջին սկսված պատերազմում։
ԱՄՆ-ն և Իսրայելը հակամարտության մեջ օգտագործում են F-35-ներ. ինքնաթիռի արժեքը գերազանցում է 100 միլիոն դոլարը։
Իրանական IRNA գործակալությունն էլ, իր հերթին, «Տելեգրամ»-ի իր ալիքում նույնիսկ ինքնաթիռի խոցման տեսանյութ է հրապարակել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այսօր՝ ժամը 2:50-ին, կենտրոնական Իրանի վրայով ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 ռազմավարական կործանիչը խոցվել է ԻՀՊԿ-ի առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:
Նշվում է, որ ինքնաթիռի ճակատագիրը դեռևս անհայտ է, և դրա կործանման հավանականությունը բարձր է:
Add new comment