Արցախում խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Մարտիրոսյանը, որը նաև ադրբեջանցիների հետ բանակցող խմբում է ներգրավված, օրերս ազատվել է ղեկավարի պաշտոնից։
Որոշ տեղեկություններով՝ ազատման պատճառը պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ ունեցած տարաձայնություններն են: Վերջինս դժգոհություններ է ունեցել, ուստի՝ որոշվել է պաշտոնի իջեցում անել՝ նշանակելով նրան Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնում։
Մարտիրոսյանին պաշտոնանկ անելով, ըստ էության, հայկական կողմը զրկվել է ռուս խաղաղապահների հետ ի պաշտոնե շփումից, ինչպես նաև գործընթացներին ներկա գտնվելու հնարավորությունից։
Նշենք, որ Սերգեյ Մարտիրոսյանը Վիտալի Բալասանյանի՝ ԱԽ քարտուղար աշխատելու ընթացքում համանուն վարչությունն էր ղեկավարում ու նրա հետ մշտապես ներկա էր լինում ադրբեջանցիների հետ հանդիպումներին։ Բալասանյանի պաշտոնանկությունից հետո, կառույցի օպտիմալացման հետեւանքով, այս վարչությունն առանձնացվել էր։
Բացի դրանից, նա մտերիմ կապի մեջ է ռուս խաղաղապահների նախկին ղեկավար գեներալ Մուրադովի հետ: Ի դեպ, Սերգեյ Մարտիրոսյանի որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է»։
Add new comment