Submitted by D.Guyumjyan on
21

Իսրայելի տարածքը հրթիռային հարձակման է ենթարկվել

Իսրայելի տարածքը Լիբանանից հրթիռային հարձակման է ենթարկվել, Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 34 հրթիռ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «The Times of Israel» պարբերականը

Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ արձակված 34 հրթիռներից 25-ը խոցվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցով։ Միևնույն ժամանակ հրթիռներից հինգն ընկել են երկրի տարածքում։

Հայտնի է, որ հրթիռակոծության հետևանքով երկու մարդ վիրավորվել է, նրանք ստացել են բեկորային վնասվածքներ։

Լիբանանյան անվտանգության ծառայությունների աղբյուրները հայտնել են, որ հարձակումն իրականացրել են պաղեստինյան խմբավորումները։ Նրանք հերքել են այն պնդումները, որ հարձակումն իրականացվել է «Հիզբոլլահ» շարժման կողմից։

Նշվում է, որ սա 2006 թվականից ի վեր Իսրայելի նկատմամբ իրականացված ամենախոշոր հարձակումն է։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության ուժային բլոկի հետ շտապ խորհրդակցություն է անցկացրել, այնուհետեւ անվտանգության կաբինետի նիստ հրավիրել։

Add new comment