Ադրբեջանն իրանցի չորս դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել
Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակից Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարվել է անցանկալի անձ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Աբաս Մուսավին հերթական անգամ կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խիստ դժգոհություն է հայտնել՝ կապված Ադրբեջանի դեմ իրանական կողմի այսպես կոչված «սադրիչ գործողությունների հետ»։
Հաղորդվում է, որ դեսպանատան չորս աշխատակից անցանկալի անձ է հայտարարվել Վիեննայի 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեության համար։ Ադրբեջանական կողմը դիվանագետներին 48 ժամ է տվել՝ երկրի տարածքը լքելու համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ կապված ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում հակաիրանական և Իրանի հասցեին վիրավորական նյութերի հրապարակման հետ։
Add new comment