Submitted by H.Aslanyan on
Կին

Ավստրալիայի բանակը պատմության մեջ առաջին անգամ կին կղեկավարի

Ավստրալիան հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ բանակը կղեկավարի կին՝ երկրի պաշտպանական ուժերի ղեկավարության վերադասավորման շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Սյուզան Քոյլը, որը համատեղ կարողությունների խմբի ներկայիս ղեկավարն է, հուլիսին կդառնա բանակի ղեկավար։ Նա կփոխարինի գեներալ-լեյտենանտ Սայմոն Ստյուարտին։

«Հուլիսից սկսած՝ մենք կունենանք Ավստրալիայի բանակի 125-ամյա պատմության մեջ բանակի առաջին կին հրամանատարը», – հայտարարության մեջ ասել է վարչապետ Էնթոնի Ալբանիզին։

Պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլսը Քոյլի նշանակումն անվանել է «խորապես պատմական պահ»։ Նախարարի խոսքով՝ Սյուզան Քոյլի նվաճումը մեծապես նշանակալից կլինի այն կանանց համար, որոնք այսօր ծառայում են Ավստրալիայի պաշտպանական ուժերում, և այն կանանց համար, որոնք մտածում են ապագայում ծառայել Ավստրալիայի պաշտպանական ուժերում։

Քոյլի նշանակումը տեղի է ունենում Ավստրալիայի զինված ուժերի շարքերում կին սպաների թվի ավելացման շրջանակում։

Ավստրալիայի պաշտպանական ուժերի մոտ 21%-ը և ավագ ղեկավար պաշտոնների 18,5%-ը կանայք են։ Երկրի պաշտպանական ուժերը մինչև 2030 թվականը կանանց ընդհանուր մասնակցության 25%-ի նպատակ է դրել։

2025 թ․ հոկտեմբերին Ավստրալիայի պաշտպանական ուժերի դեմ խմբային հայց է ներկայացվել. պնդվում էր, որ այն չի կարողացել հազարավոր կին սպաների պաշտպանել համակարգված սեռական ոտնձգություններից և խտրականությունից։

55-ամյա Քոյլը զորակոչվել է բանակ 1987 թվականին և զբաղեցրել է մի շարք բարձր հրամանատարական պաշտոններ։

Add new comment