Լիբանանը և Իսրայելը պայմանավորվել են շարունակել բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 14-ին հյուրընկալել է Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները, որից հետո երկու կողմերն էլ հայտարարել են, որ դրական քննարկումներ են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը
«Այս հանդիպումը նշանավորվում էր նրանով, որ Իսրայելի և Լիբանանի կառավարությունների միջև 1993 թվականից ի վեր առաջին բարձր մակարդակի շփումն էր։ Մասնակիցներն արդյունավետ քննարկումներ ունեցան Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններ սկսելու քայլերի վերաբերյալ», – նշված է հաղորդագրության մեջ։
Միացյալ Նահանգները հույս է հայտնել, որ բանակցությունները կարող են գերազանցել 2024 թվականի համաձայնագրի շրջանակը և հանգեցնել համապարփակ խաղաղության համաձայնագրի:
«Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվելու «Հեզբոլլահ»-ի շարունակական հարձակումներից», – նշված է հաղորդագրության մեջ:
Reuters-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում ավելի քան երկու ժամ տևած հանդիպումից հետո ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը լրագրողների հետ զրույցում նշել է՝ Լիբանանի կառավարությունը բանակցությունների ընթացքում հստակեցրել է, որ այլևս չի «օկուպացվի» Իրանին աջակցող լիբանանյան «Հեզբոլլահ»-ի աշխարհազորայինների կողմից։ Նա հրաժարվել է նշել, թե արդյոք Իսրայելը կդադարեցնի Լիբանանի վրա իր հարձակումները։
«Ինձ հույս է տալիս այն փաստը, որ Լիբանանի կառավարությունը շատ հստակ հայտարարեց, որ այլևս չի լինի «Հեզբոլլահ»-ի կողմից օկուպացված…. Սա հնարավորություն է։ Առաջին անգամ է, որ մեր երկու երկրները նստած են միասին ավելի քան երեք տասնամյակի ընթացքում», – նշել է Լեյթերը՝ հավելելով, որ առաջիկա շաբաթներին կարող են լինել հետագա բանակցություններ։
ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Մուավադը նախնական հանդիպումը որակել է «կառուցողական»։
Reuters-ին տրված մեկնաբանության մեջ նա ասել է, որ հանդիպման ժամանակ կոչ է արել հրադադարի և տեղահանված անձանց՝ իրենց տները վերադարձի հնարավորության, ինչպես նաև հորդորել է միջոցներ ձեռնարկել Լիբանանում հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը մեղմելու համար։
Add new comment