Submitted by detq-editor on
Ի՞նչ է «5-րդ շարասյունը». դրա խոսույթը Հայաստանում

Ի՞նչ է «5-րդ շարասյունը». դրա խոսույթը Հայաստանում

Ինչպե՞ս է առաջացել «5-րդ շարասյուն» եզրույթը

«5-րդ շարասյունը» իսպանացի գեներալ Ֆրանկոյի գործակալության անվանումն է: Այն գործել է հանրապետական Իսպանիայում 1936-1939 թթ․ազգային-հեղափոխական պատերազմի ժամանակ։

Եզրույթն առաջացել է 1936-ի հոկտեմբերին, երբ ֆաշիստական խռովարարները չորս շարասյունով հարձակվել էին Մադրիդի վրա, իսկ հինգերորդը (գործում էր քաղաք»ում) վճռական պահին պետք է հարվածեր թիկունքից։«5-րդ շարասյունը» խառնաշփոթ էր տարածում, զբաղվում սաբոտաժով, լրտեսությամբ ու դիվերսիայով։1939-1945 թթ․Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «5-րդ շարասյուն» էին կոչվում տարբեր երկրներում գործող նացիստական գործակալությունները, որոնք օգնում էին ֆաշիստական զորքերին զավթել այդ երկրները։

Ժամանակակից բացատրությամբ «5-րդ շարասյուն» եզրույթը կարելի է բնութագրել հետևյալ կերպ․

1․ ազգային արժեքների քայքայում՝օտարամետ քարոզչության ազդեցությամբ, որը կարող է դրսևորվել տարբեր ուղղություններով՝ կրթական, մշակութային, ազգային ինստիտուտներ և այլն,

2․ օտարամետ խոսույթի ձևավորում, լեզվական մտածողության հետընթաց, անհասկանալի եզրույթների ներթափանցում և կիրառում,

3․ ներքաղաքական անկայունության հրահրում՝ երբեմն արհեստածին նպատակներին ուղղված։

Հատկապես ժամանակակից աշխարհում զանգվածային լրատվամիջոցների և համացանցի դերն ահռելի ազդեցություն է ունենում մարդկանց միջոցով օտար գաղափարների, արհեստածին խոսույթի ներմուծման վրա տվյալ հանրույթ։ Սրան գումարվում է նաև տարբեր կայքերի, յութուբյան ալիքների, հեռուստա-ռադիոընկերությունների ֆինանսավորումն օտար աղբյուրների կողմից։ Ժամանակակից աշխարհում մեդիան, սոցկայքերն ուղղորդող «տերերը» կարողանում են մարդկանց աշխարհայացքի վրա այնպիսի ազդեցություն ունենալ, որն ուղղված է միայն ազգային հասարակության պառակտմանը։ Այդ նպատակով, ընտրելով ամենախոցելի խումբը՝ դեռ լիարժեք չձևավորված երիտասարդությունը, կիրառվում են տարաբնույթ գրավիչ առաջարկներ, ինչպիսիք են՝ մատչելի կամ անվճար կրթական ծրագրեր, լավ աշխատանք գտնելու հեռանկարներ (թե՛ հայրենիքում, թե՛ հայրենիքից դուրս): Առաջին հայացքից անվնաս թվացող այս երևույթներն ունեն ավելի հեռահար նպատակներ։

Հայաստանում գործող «5-րդ շարասյան» առաջնային նպատակը հազարամյակների պատմությամբ ձևավորված պետության ազգային հիմքերի խարխլումն է։

Հայաստանն աշխարհագրորեն գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ խաղաղությունն ընդամենը կարճ ժամանակահատված է՝ ավելի մեծ պատերազմի պատրաստվելու համար։ Մեզ շրջապատում են թշնամական պետություններ, որոնք դեռ մանկապարտեզից իրենց զավակների մեջ սերմանում են անմարդկային դաժանություն մարդու նկատմամբ։ Բնականաբար, այսպիսի պետություններին դիմակայելու համար պետք է ունենալ կուռ հասարակություն, իսկ նման հասարակություն ունենալուն խոչընդոտում են այսպես կոչված «5-րդ շարասյան» անդամները։

Իսկ ի՞նչ է լինում, երբ այդ «5-րդ շարասյան» անդամները դառնում են իշխանություն և իրենց ձեռքն են վերցնում պետության կառավարման ղեկը։

1․ Ընտանիքը՝ որպես դարեր շարունակ ազգապահպանության հիմք, թիրախավորվում է, դա արվում է տարբեր մեթոդներով, որպես օրինակ կարող ենք բերել ԼԳԲՏ համայնքի անձանց իրավունքների պաշտպանությունը, միասեռականների միությունների օրինականացումը և այլն։ Այս ամենը նպաստում է բնակչության վերարտադրողականության նվազմանը և «ընտանիք» երևույթի արժեզրկմանը:  

2․ Թիրախ է դառնում նաև Հայ Առաքելական եկեղեցին, մինչդեռ դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին և ազգային կրթօջախներն են պահպանել հայկական ազգային արժեքները և փոխանցել սերնդեսերունդ։ 

3․Այն, ինչն ազգային խորհրդանիշ է կամ պատմական հիշողություն, ոչնչացվում է այսպես կոչված «մարդու ազատության իրավունքի» քողի ներքո։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարել էր. «Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է «5-րդ շարասյուն»: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»։

Այսպիսի հայտարարությունը, որը չի ապացուցվում ոչ մի կոնկրետ փաստով, առաջին հերթին հարվածում է բանակին։

Այսպիսով՝ միասնականություն ձևավորելու փոխարեն ի հայտ է գալիս կասկածի, իրար չվստահելու, իրար ատելու, միմյանց մեջ թշնամի գտնելու կործանարար երևույթը։ Հայաստանի Հանրապետության ղեկավարը, այլ կերպ ասած, չպետք է «5-րդ շարասյուն» կոչվող եզրույթը ներմուծեր հասարակության մեջ մի պարզ պատճառով՝ «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը միայն Հայաստանի Հանրապետության թշնամիներին է ձեռնտու, իսկ այդ խոսույթը տարածելով՝ ներկայիս փաստացի վարչապետը երկրի ներսում տարածում է թշնամի պետությունների քարոզչությունը, որի ազդեցությունը խորքային հետևանքներ կարող է ունենալ։ Գուցե նման հայտարարություն կարելի էր անել միայն այն դեպքում, երբ դրա հիմքում հստակ փաստարկներ լինեին, սակայն տվյալ դեպքում դա սին հայտարարություն էր՝ լի պայթյունավտանգ տարրերով։ Նման հայտարարությունները և անհեռատես քայլերը թուլացնում են Հայաստանի առանց այդ էլ խոցված անվտանգային համակարգը։

 

 

Add new comment