Անկասելի Մալխասը. Ամոյանը 5-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար, Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը նվաճել է ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի հնգակի չեմպիոն։ 77 կգ քաշայինների պայքարի եզրափակիչի վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 1-1 հաշվով առավելության է հասել Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեի նկատմամբ:
Հատկանշական է, որ Ամոյանն ու Զոիձեն միմյանց դեմ մրցել էին նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որում կրկին հաղթանակ էր տոնել հայ մարզիկը։ Այսպիսով, Մալխաս Ամոյանը հաջողությամբ պաշտպանել է տիտղոսն ու իր կարիերայում արդեն 5-րդ անգամ կանգնել Եվրոպայի առաջնության պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:
Մրցումային այս օրը հաջող էր նաև 63 կգ քաշային Կարեն Ասլանյանի համար, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ընդամենը 1 րոպեում հաղթել է Մաիրբեկ Սալիմովին և 4-րդ անգամ դարձել ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։
Մեր մյուս ըմբիշներից 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պարտություն է կրել բրոնզե մեդալի համար պայքարում, իսկ 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը զիջել է կիսաեզրափակիչ փուլում ու վաղը կգոտեմարտի բրոնզի համար։
Փոխարենը, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը կիսաեզրափակիչում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Նիհաթ Մամադլիի նկատմամբ և վաղը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։
Add new comment