Մադրիդյան մերձավորարևելյան համաժողով

Մադրիդյան մերձավորարևելյան համաժողով

Մադրիդյան մերձավորարևելյան համաժողով

1990 թվականի օգոստոսին Իրաքի՝ Քուվեյթ ներխուժմամբ առաջին անգամ արաբական պետությունը, ոտնահարելով միջազգային, ինչպես նաև միջարաբական հաստատված նորմերը, հարձակվեց արաբական երկրի վրա։ Անգամ Սիրիան, որ արաբա-իսրայելական հակամարտության և համաարաբականության հիմնական ջատագովներից մեկն էր համարվում, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ միացավ Իրաքի դեմ ԱՄՆ-ի ձևավորած հակասադամական դաշինքին։

Ծոցի պատերազմից հետո ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արևելքում փոփոխություններ կրեց։ Այն երկու հիմնական նպատակ էր հետապնդում։ Առաջին՝ արաբներին տված խոստման համաձայն՝ ԱՄՆ-ն իր ջանքերը կենտրոնացրեց խաղաղության գործընթացի վրա, որպեսզի Իսրայելի և արաբական երկրների միջև անվտանգության ու համագործակցության մասին համաձայնագրեր ստորագրվեն։ Երկրորդ՝ Վաշինգտոնը ձգտում էր կանխել մերձավորարևելյան նավթի վրա միանձնյա հսկողություն ունեցող «տարածաշրջանային գերտերության» ի հայտ գալը։

1991 թվականի փետրվարին Իրաքի օկուպացիայից Քուվեյթի ազատագրումից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը սկսեց ինտենսիվ նախապատրաստվել արաբա-իսրայելական խաղաղ բանակցություններին։ 1991 թ. մայիսին Բուշը նամակներ հղեց Իսրայելի վարչապետ Շամիրին, Սիրիայի նախագահ Ասադին, Հորդանանի թագավոր Հուսեյնին, Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆահդին, Եգիպտոսի նախագահ Մուբարաքին և պաղեստինյան գրավված տարածքների ղեկավար Ֆեյսալ Հուսեյնիին՝ խնդրելով որոշում կայացնել մերձավորարևելյան խաղաղության բարձրաստիճան համաժողովին մասնակցելու վերաբերյալ։ Այն ժամանակ, երբ արաբական բոլոր երկրները, ներառյալ Սիրիան, համաձայնվեցին ամերիկյան առաջարկին, Իսրայելի վարչապետ Շամիրի վարչակազմը շարունակում էր ծայրահեղական քաղաքականություն վարել արաբական գրավված տարածքների նկատմամբ։ 1991 թ. հունիսին՝ Բեյքերի հետ բազմաթիվ հանդիպումներից հետո, Թել- Ավիվը մերժեց Մերձավոր Արևելքի խաղաղության համաժողովի գումարման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, քանի որ Իսրայելը դեմ էր ընդհանրապես համաժողովի անցկացմանը՝ կարծելով, որ արաբական մի քանի պատվիրակությունների համատեղ մասնակցությունը, ինչպես նաև ԽՍՀՄ ներկայությունը որևէ «դրական արդյունք չեն կարող ունենալ Իսրայելի համար»։

Պաղեստինյան պատվիրակության մասնակցության վերաբերյալ Թել-Ավիվի մտավախությունները հետևյալն էին՝ բացառել ՊԱԿ-ի, պաղեստինցիների սփյուռքի և Երուսաղեմի ներկայացուցիչների մասնակցությունը։ Երկար քննարկումներից հետո Իսրայելը համաձայնվեց Արևմտյան ափի և Գազայի հատվածի ներկայացուցիչների մասնակցության հետ, այն էլ հորդանանա-պաղեստինյան պատվիրակության կազմում։ 1991 թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Մադրիդում Բուշի և Գորբաչովի համատեղ նախագահությամբ կայացավ Մերձավոր Արևելքի խաղաղությանը նվիրված մադրիդյան միջազգային համաժողովը, որին մասնակցեցին Իսրայելը, Սիրիան, Լիբանանը, ինչպես նաև հորդանանա-պաղեստինյան միացյալ պատվիրակությունը։ Համաժողովի ընթացքում ամերիկյան կողմն առաջարկեց արաբական պատվիրակությունների և Իսրայելի միջև ուղղակի բանակցություններ սկսել տարբեր տեղերում և տարբեր ժամանակ, իսկ սիրիացիները պահանջեցին բանակցություններն անցկացնել միևնույն ժամանակ և նույն տեղում։ Ի վերջո կողմերը համաձայնության եկան ուղղակի բանակցություններ վարել նույն տեղում, սակայն տարբեր ժամանակ։ Մադրիդում կայացած համաժողովի վերաբերյալ Կոնգրեսի առջև տեղի ունեցած ելույթում Բուշը հայտարարեց՝ այս պատերազմի ավարտը դիտարկում է որպես Իսրայելի և արաբական երկրների միջև խաղաղության հաստատման հեռանկար։

Մադրիդում կայացած համաժողովը խաղաղության նոր ճանապարհ հարթեց և հիմք դրեց տարածաշրջանում հետագա պատմական իրադարձությունների համար։ Այն քաղաքական կարևոր նշանակություն ունեցավ, քանի որ առաջին անգամ հակամարտող կողմերը նստեցին բանակցությունների սեղանի շուրջը։ Միջազգային համաժողովին առաջին անգամ մասնակցեցին նաև պաղեստինցիները՝ ելույթ ունենալով իրենց իսկ անունից։ Համաժողովի ամենաէական արդյունքներից մեկն այն եղավ, որ կողմերը համաձայնվեցին շարունակել բանակցային գործընթացը։ Մադրիդյան համաժողովը կարևորվում է ևս մեկ առումով. այն առաջին անգամ զուգահեռ երկու ուղղություններով տարվող բանակցությունների նոր մեխանիզմ ստեղծեց։

Առաջին ուղղության առանձնահատկությունը բազմակողմանի բանակցություններն էին, որտեղ Իսրայելը, տարածաշրջանի արաբական երկրները և տարածաշրջանից դուրս այլ երկրներ կարողացան միանալ Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող հինգ հիմնական խնդիրների՝ ջրի, շրջակա միջավայրի, սպառազինությունների հսկողության, փախստականների և տնտեսական զարգացման շուրջ ընթացող քննարկումներին։ Այդ քննարկումները տեղի ունեցան 1992 թ. հունվարին Մոսկվայում. սիրիական կողմը հրաժարվեց մասնակցելուց այն պատճառաբանությամբ, որ քանի դեռ Իսրայելը շարունակում է վերահսկել գրավված Գոլանի բարձունքները, Արևմտյան ափն ու Գազայի հատվածը, տարածաշրջանային երկարատև անվտանգության վերաբերյալ բանակցություններն անիմաստ են։

Երկրորդ ուղղությունն Իսրայելի և արաբ հարևաններ Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի ու պաղեստինցիների միջև երկկողմ բանակցություններն էին Վաշինգտոնում։ 1993 թ. սեպտեմբերի 9-ին, ավարտելով երկարատև բանակցությունները, Իսրայելի վարչապետ Ռաբինն ու ՊԱԿ-ի ղեկավար Արաֆաթը նամակներ փոխանակեցին, որոնցով պաշտոնապես ճանաչեցին միմյանց։ Իսկ 4 օր անց Սպիտակ տանը տեղի ունեցավ Պաղեստինի ժամանակավոր ինքնության սկզբունքների վերաբերյալ հռչակագրի ստորագրման պաշտոնական արարողություն։

Հռչակագիրն իսրայելա-պաղեստինյան կարգավորման առաջին քայլն էր, որին հետևեց 1994 թ. մայիսին Գազա-Երիխոն մեծ համաձայնագրի ստորագրումը, որն իրավական հիմքեր ստեղծեց վերոհիշյալ տարածքները պաղեստինցիներին վերադարձնելու և երկու ամիս անց Արաֆաթի՝ Գազայում պաղեստինյան գործերի ղեկավարումը ստանձնելու համար։ Թերևս առավել բարդ ընթացք ունեցավ 1995 թ. սկզբին սկսված բանակցությունների երկրորդ փուլը Իսրայելի և պաղեստինցիների միջև՝ Արևմտյան ափից իսրայելական ուժերի դուրսբերման վերաբերյալ, քանի որ եթե Գազայի հատվածում առկա էին ընդամենը մի քանի տասնյակ հրեական բնակավայրեր, ապա Արևմտյան ափում նրանց թիվն անցնում էր 140-ից։ Իսկ ամենադժվարը Հեբրոնի խնդիրն էր, որը հրեաների համար երկրորդ սուրբ քաղաքն էր։ Ծանր բանակցություններում կողմերը համատեղ աշխատեցին Արևմտյան ափը 3 գոտիների բաժանելու ուղղությամբ։ Առաջին գոտում ամբողջությամբ պաղեստինյան վերահսկողության տակ գտնվող հրեական բնակավայրերն ու զինվորական օբյեկտներն էին, իսկ երրորդ գոտում գտնվող հանրային կարգի ապահովման համար պատասխանատվությունը դրվում էր պաղեստինցիների վրա, իսկ իսրայելական կողմը պետք է հոգար անվտանգության կարիքները։ Իսրայելի արտգործնախարար Պերեսի և ՊԱԿ-ի նախագահ Արաֆաթի միջև տեղի ունեցած ակտիվ բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին 1995 թ. սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում «Օսլո-2» համաձայնագրի ստորագրմամբ։ Վերջինիս համաձայն՝ մի քանի ամսվա ընթացքում իսրայելական ուժերը դուրս բերվեցին Արևմտյան ափի 6 հիմնական քաղաքներից և հարյուրավոր գյուղերից։ Երեք ամսվա ընթացքում Իսրայելն ավարտեց իր զորքերի դուրսբերումը՝ բացի Հեբրոնից։

 

1994 թ. սկիզբ դրվեց նաև իսրայելա-հորդանանյան աստիճանական մերձեցմանը, որն ավարտվեց 1994 թ. հոկտեմբերի 25-ին երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: 1994 թ. հոկտեմբերին իսրայելա-հորդանանյան համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով տարածաշրջան մեկնեց ԱՄՆ նախագահ Քլինթոնը՝ այցելելով նաև Դամասկոս: Վերջին 20 տարվա ընթացքում Քլինթոնը Նիքսոնից հետո ԱՄՆ առաջին նախագահն էր, որն այցելեց Սիրիայի մայրաքաղաք: Փաստորեն, արաբական ճակատում մնացին միայն Սիրիան և Լիբանանը, որոնք համաձայնության չեկան Իսրայելի հետ:

1998 թ. օգոստոսի 8-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց կարևորագույն մի բանաձև, որի համաձայն՝ պաղեստինցիներին տրվում էր ՄԱԿ-ի անդամի կարգավիճակ առանց քվեարկության իրավունքի: 1998 թ. հոկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ բանակցություններ սկսվեցին ՊԱԿ-ի ղեկավար Արաֆաթի և Իսրայելի վարչապետ Նեթանյահուի միջև՝ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի մասնակցությամբ։ Սակայն հոկտեմբերի 19-ին իսրայելական Բերշեբա քաղաքում պաղեստինցի ծայրահեղականի կատարած ահաբեկչություններից հետո Իսրայելը հայտարարեց, որ ընդհատում է բանակցությունները և ցանկացած համաձայնագրի ստորագրում կապում է պաղեստինյան կողմի՝ անվտանգության երաշխիքների ներկայացման հետ: Իսրայելի պատվիրակությունը պայթյունից անմիջապես հետո դադարեցրեց իր մասնակցությունը բանակցություններին: Քլինթոնը սպառնաց իսրայելական պատվիրակությանը, որ եթե իսրայելական զորքերի դուրսբերման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա 1999 թ. մայիսին ԱՄՆ-ն կճանաչի անկախ պաղեստինյան պետությունը։

1998 թ. հոկտեմբերի 22-ին երկու կողմերի միջև ստորագրվեց համաձայնագիր, որը պարունակում էր հետևյալ հիմնադրույթները.  

·      պաղեստինյան պատվիրակությունը համաձայնվեց ՊԱԿ-ի կանոնադրությունից հանել Իսրայելի ոչնչացման վերաբերյալ կետերը,

·      Իսրայելը համաձայնվեց վերաբացել Գազայի օդանավակայանը, և ապահովել 2 անվտանգ ճանապարհ Արևմտյան ափի և Գազայի միջև,

·      պաղեստինյան իշխանությունները պարտավորվում էին «անհանդուրժողականություն դրսևորել ահաբեկչության հանդեպ» և ԱՄՆ ներկայացուցիչներին ներկայացնել հակաահաբեկչական ծրագիր,

·      որդեգրվեց «հող՝ խաղաղության դիմաց» սկզբունքը,

·      Իսրայելը պարտավորվում էր դուրս բերել զորքերն Արևմտյան ափի 13.1 տոկոս տարածքից,

·      կողմերը համաձայնվեցին պաղեստինյան ոստիկանական ուժերը նվազեցնել 43.000-ից մինչև 30.000-ի, ինչպես նաև կատարել ապօրինի զենքի բռնագրավում:

 

Ուայ-Փլանթեյշնի համաձայնագիրը չընդունեցին երկու կողմերի ծայրահեղական ուժերը։ Իսրայելին անհանգստացնում էր այն փաստը, որ պաղեստինցիներին հանձնված 13.1 տոկոս տարածքում ապրում է ավելի քան 170.000 հրեա վերաբնակ, իսկ արաբական կողմը համաձայնագիրը համարում էր «պարտվողական» և «մեծագույն զիջողություն»։ Ուայ-Փլանթեյշնի համաձայնագրի կարևորությունն այն էր, որ դրանով, փաստորեն, վերսկսվեց խաղաղության սառեցված գործընթացը: ՊԱԿ-ի կանոնադրությունից Իսրայելը վերացնելու կետի չեղյալ հայտարարումը նշանակում էր Իսրայելի գոյատևման իրավունքի ճանաչում և քաղաքական- իրավական նոր պայմանների ստեղծում արաբա-իսրայելական համագոյակցության համար: Պատահական չէ, որ Նեթանյահուն համաձայնագիրը դիտում էր որպես Իսրայելի համար «խաղաղության ապահովություն»: ՊԱԿ-ը թեև զգալիորեն նահանջեց Օսլոյի համաձայնագրից, բայց, այդուհանդերձ, պաղեստինյան կողմը շահում էր այն առումով, որ նրա հսկողության տակ էին անցնում նոր տարածքներ,  ինչն ավելի էր մեծացնում պաղեստինյան պետության ստեղծման հավանականությունը:

2000 թ. ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարեց, որ Իսրայելի վարչապետ Է. Բարաքը և Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Յասեր Արաֆաթն ընդունել են հուլիսի 11-ին Քեմփ-Դևիդ այցելելու իր հրավերը` մերձավորարևելյան խաղաղության գործընթացի բանակցությունները շարունակելու համար: Քեմփ-Դևիդում կայացած հանդիպումը Քլինթոնի վարչակազմի վերջին փորձն էր պաղեստինա-իսրայելական համապարփակ համաձայնագրի ստորագրման և դրանից բխող՝ Պաղեստինի պետության հռչակման ուղղությամբ: Սակայն երկարատև ու թեժ քննարկումներից հետո կողմերը չկարողացան համաձայնության գալ փախստականների վերադարձի և Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված առանցքային հարցերի շուրջ:

Այսպիսով՝ մեկ անգամ ևս ապարդյուն անցան բոլոր փորձերն աշխարհում ամենատևական հակամարտության կարգավորման ուղղությամբ: Պաղեստինցիները կորցրին պատմական այն հնարավորությունը, որն ընձեռվել էր իրենց: Պաղեստինի ղեկավարությունը, որոշ առումով չվերահսկելով ներքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաև առավելագույնը կորզելու իր անիրատեսական ձգտմամբ անկարող գտնվեց սեփական ժողովրդի համար ապահովելու արժանապատիվ խաղաղություն և անկախ պետության ստեղծումը:

Add new comment