ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն ազդում են համաշխարհային կայունության վրա. Չինաստանի ԱԳՆ
Չին-ամերիկյան հարաբերություններն ազդում են համաշխարհային կարգի կայունության վրա, և դրանց զարգացման գործընթացում ՉԺՀ-ն, իր հզորացմանը զուգընթաց, չի գնա հեգեմոնիզմի ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ ամերիկացի սենատորների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վճռորոշ նշանակություն ունեն երկու երկրների ժողովուրդների բարօրության համար և ազդում են համաշխարհային կարգի կայունության վրա: Չինաստանը չի գնա հին ճանապարհով, համաձայն որի՝ ուժեղ երկիրն անպայման ձգտում է հեգեմոնիայի. մենք հավատարիմ կմնանք խաղաղ զարգացմանը, հաստատակամորեն կհետևենք չինական սպեցիֆիկայով սոցիալիզմի ուղուն»,- ասել է Վան Ին։
ՉԺՀ ԱԳ նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է գտնել երկու երկրների միջև փոխգործակցության ճիշտ ուղին, և առանցքային պահը կայանում է փոխադարձ թյուրիմացության հետ կապված խնդիրների մշտական վերացման մեջ։ Նա հիշեցրել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական կառուցվածքը, ինչպես նաև նրանց զարգացման ուղիները տարբերվում են՝ համապատասխան իրենց ազգային առանձնահատկությունների, սակայն Պեկինն ու Վաշինգտոնը պետք է ձգտեն խաղաղ և ներդաշնակ համակեցության՝ հրաժարվելով մրցակցությունից։
«Հույս ունենք, որ ամերիկյան կողմը օբյեկտիվորեն կնայի Չինաստանին, մեր երկրի մասին ռացիոնալ պատկերացում կձևավորի, գործնականում կհարգի նրա առանցքային շահերը, համարժեք կերպով կհարթի տարաձայնությունները, համատեղ կիրականացնի ավելի շատ կարևոր, գործնական և օգտակար գործեր, որոնք բարենպաստ են երկու պետությունների և ողջ աշխարհի համար, և աշխարհին ավելի շատ դրական ու կառուցողական ազդակներ կհաղորդի», - եզրափակել է Վան Ին։
Add new comment