Կադաֆիի «Կանաչ գիրքը»
Երրորդ համաշխարհային տեսությունը Կադաֆին առաջին անգամ թռուցիկ ներկայացրել էր դեռևս 1973 թ., այս տեսության հիմնադրույթները նա մշակեց և որպես մեկ ամբողջական հայեցակարգ ներկայացրեց 1976-1979 թթ. լույս տեսած «Կանաչ գիրք» խորագրով իր 3 գրքույկներում: Կադաֆին իր տեսությունն անվանեց Երրորդ համաշխարհային տեսություն՝ ի հակադրություն հասարակության կառուցման կապիտալիստական և կոմունիստական տեսությունների, որոնք նա ժխտում էր: Նա չէր ընդունում կապիտալիստական տեսությունը՝ կարծելով, որ կապիտալիստական հասարակությունը հիմնված է մարդու և ժողովուրդների շահագործման սկզբունքի վրա: Իսկ կոմունիստական տեսությունը նրա համար ընդունելի չէր, քանի որ դրանում տեղ չկար մարդու ազատության համար, որովհետև պետությունը սահմանափակում, ուղղակի ճզմում է մարդուն, նրա անհատական ազատությունը: Ելակետ ունենալով այդ մոտեցումները՝ նա առաջ էր քաշում երրորդ՝ իսլամական դրույթների վրա խարսխված կամ իսլամի էությունից բխող իր տեսությունը: Կադաֆին իր «Կանաչ գրքում» քննարկում է երրորդ տեսության քաղաքական, տնտեսական և սոցիալական բաղադրիչները:
Առաջին գրքում, որը կրում է «Դեմոկրատիայի հիմնախնդրի լուծումը: Ժողովրդի իշխանությունը» վերնագիրը, քննարկվում են կառավարման և դրան ժողովրդի մասնակցության հարցերը, որի մեջ մեծ տեղ է հատկացվում խորհրդարանին: Կադաֆին նշում է. «Խորհրդարանն ավանդական ժողովրդավարության ողնաշարն է, ինչպես դա գոյություն ունի այսօր: Սակայն խորհրդարանը ժողովրդի կեղծ ներկայացուցչություն է, և խորհրդարանական կառավարությունները կեղծ ուղիով են առաջնորդում դեպի ժողովրդավարության լուծումը»: Կադաֆին ժխտում է նաև կուսակցությունների անհրաժեշտությունը՝ որպես կառավարման գործիք՝ նշելով, որ դա պառակտում է հասարակությունը:
Երրորդ ունիվերսալ տեսությունը ելքը տեսնում է ուղղակի ժողովրդավարության հաստատման և կիրառման մեջ․ դա նշանակում է, որ ժողովրդավարությունը չպետք է հիմնված լինի ներկայացուցչության և պատգամավորության սկզբունքների վրա, այլ լինի ուղղակի, անմիջական և չմիջնորդավորված, երբ բացառվում է սուվերենության՝ ինքնիշխանության խլումը ժողովրդից և նրա փոխանցումը պատգամավորներին: «Կանաչ գիրքը» հայտարարում է «ժողովրդին դեպի ուղիղ ժողովրդավարության տանող ուղու երջանիկ հայտնագործման մասին». դա ժողովրդական կոնգրեսների և ժողովրդական կոմիտեների համակարգի ստեղծումն է:
«Կանաչ գրքի» 2-րդ մասը կրում է «Տնտեսական հիմնախնդրի լուծումը: Սոցիալիզմ» վերնագիրը: Կադաֆին կարծում է, որ կապիտալիզմը չկարողացավ լուծել հասարակության զարգացման տնտեսական խնդիրները և մարդու երջանիկ լինելու խնդիրը, քանի որ այն հիմնված է մարդու շահագործման և ուրիշի, ժողովրդի հաշվին հարստություն կուտակելու սկզբունքի վրա: Նա նշում է. «Կապիտալը պետք է ծառայի տնտեսությանը, և ոչ թե տնտեսությունը ծառայի միջազգային կապիտալիզմին, ինչպես եղել է մինչև օրս»: Ժխտելով հասարակությունը և մարդկությունը փչացնող կապիտալիզմը՝ Կադաֆին որպես միակ ելք առաջարկում է «Նոր սոցիալիզմը», որը հիմնված է բնական օրենքի վրա: «Բնական օրենք» ասելով՝ Երրորդ ունիվերսալ տեսությունը նկատի ունի իսլամի և Ղուրանի դոգմաները, իսլամական ավանդույթներն ու սովորույթները, որոնց վրա և խարսխվում է նոր կամ իսլամական սոցիալիստական հասարակությունը:
«Կանաչ գրքի» 3-րդ մասը վերնագրված է «Երրորդ ունիվերսալ տեսության սոցիալական հիմքը»: Հեղինակը հայտարարում է. «Մարդկային պատմության շարժիչ ուժը սոցիալական, այսինքն՝ ազգային գործոնն է: Սոցիալական կապերը, որոնք կապում են մարդկային յուրաքանչյուր խումբ, ընտանիքից ցեղի միջոցով մինչև ազգություն, պատմության շարժման հիմքն են»: Կադաֆին շատ է կարևորում նացիոնալիզմի դերը և նրա կապը կրոնի հետ: Նա շեշտում է, որ այն ազգերը, որոնց նացիոնալիզմը ոչնչացվել է, ենթակա են կործանման: Եվ այդ կապակցությամբ հեղինակն անդրադառնում է կրոնի դերին՝ որպես ազգային միավորման և ներդաշնակության գործոն․ «Բնական կանոնն այն է, որ ամեն մի ազգություն պետք է ունենա մի կրոն: Չկա այլ լուծում, քան ներդաշնակ լինել բնական կարգի հետ, որ ամեն մի ազգություն մի կրոն ունի»:
Անդրադառնալով ընտանիք-պետություն հարցին՝ լիբիական առաջնորդը շեշտում է. «Փաստն այն է, որ քաղաքական, տնտեսական և ռազմական գործոններն ընտանիքների խմբերը միավորել են պետության մեջ, որը ոչ մի ընդհանուր բան չունի մարդկության հետ»: Անդրադառնալով հասարակության հարցին՝ Կադաֆին կարծում է, որ «ծաղկող հասարակությունն այն հասարակությունն է, որտեղ անհատը բնականորեն աճում է ընտանիքի ներսում, և ընտանիքն ինքնին ծաղկում է հասարակության ներսում»:
Կադաֆիի Երրորդ ունիվերսալ տեսության հիմքի վրա էլ 1970-ական թվականների կեսերից բարձրացավ լիբիական Ջամահիրիյան:
Add new comment