Submitted by H.Aslanyan on
Կիև

Կիևում սգո օր է հայտարարվել. բնակելի շենքին ռուսական հրթիռի հարվածից զոհվել է 24 մարդ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ Կիևի իշխանությունները մայիսի 15-ը հայտարարել են սգո օր քաղաքի Դարնիցկի շրջանի բնակելի շենքի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվածների համար։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Ինը հարկանի շենքի մի մասը փլուզվել է։ Որոնողական-փրկարարական գործողությունը տևել է ավելի քան 28 ժամ, որի ընթացքում մարդիկ դուրս են բերվել փլատակների տակից։ Ընդհանուր առմամբ փրկվել է 30 մարդ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բնակելի շենքի վրա հարվածը հասցվել է Kh-101 օդ-երկիր դասի թևավոր հրթիռով, որը, դատելով իր մակնշումից, արտադրվել է բոլորովին վերջերս։ «Սա նշանակում է, որ Ռուսաստանը դեռևս ստանում է բաղադրիչներ և սարքավորումներ՝ խախտելով պատժամիջոցները», – նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և վերահաստատել, որ հենց Ուկրաինան է պաշտպանում Եվրոպան և աշխարհը նման հարվածներից։ Ուկրաինան նաև պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ ի պատասխան ռուսական հարձակումների։ Նիստը նախատեսված է առաջիկա երեքշաբթի օրը։

Add new comment