Submitted by D.Guyumjyan on
5

Ալիևը հայտնել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման աշխատանքներն այնքան հարթ չեն ընթանում, որքան Բաքուն կցանկանար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկություններ է հաղորդել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Տոկաևին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Ղազախստանի դիրքորոշման համար։ Նա շեշտել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները սկսվել են, բայց դրանք այնքան հարթ չեն ընթանում, որքան իրենք կցանկանային։

«Մենք հաստատակամ ենք կարգավորման հարցում, և Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանն առաջարկեց սկսել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։ Գործնականում այս աշխատանքը սկսվել է, բայց դա այնքան հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք։ Սակայն սրան այլընտրանք չկա»,- նշել է նա։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հնչեցրել է ադրբեջանական քարոզչական դրույթները, թե, իբր «չնայած 30-ամյա օկուպացիային և Ադրբեջանի ժողովրդի կրած զրկանքներին», հարևանների հետ անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ ունենալ։

«Այնուամենայնիվ, մենք նայում ենք ապագային և հավատում ենք, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի բոլոր հիմնական նորմերի և սկզբունքների հիման վրա հնարավոր է հասնել խաղաղության համաձայնագրի, և այս պայմանագիրը կշրջի բազմամյա թշնամանքի էջը»,- եզրափակել է նա։

Add new comment