Օտարերկրյա ուժերի մասնակցությունը և նրանց արձագանքն «Արաբական գարնանը»
Սիրիայի վրա ճնշումներ իրականացնելու հարցում ակտիվորեն համագործակցեցին ԱՄՆ-ն, տարածաշրջանային նրա դաշնակիցները՝ Թուրքիան և Պարսից ծոցի արաբական պետությունները, մասնավորապես Կատարը և Սաուդյան Արաբիան, որոնք բոլորն էլ հակամարտության մեջ ներքաշվելու համար իրենց հետաքրքրություններն ունեին: Անմասն չմնացին Իրանը, Ռուսաստանը ինչպես նաև Եվրոպական միությունը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր հարցազրույցներից մեկում նախազգուշացրել էր, որ իր երկրի դեմ արևմտյան գործողությունները կարող են առաջացնել «երկրաշարժ», որը «կավերեր ամբողջ տարածաշրջանը»։ «Արևմտյան երկրներն անկասկած պատրաստվում են ճնշել շարժումը,- ասել էր նա:- Բայց Սիրիան ամեն առումով տարբեր է Եգիպտոսից, Թունիսից, Եմենից: Պատմությունը տարբեր է: Քաղաքականությունը տարբեր է»։
2002 թ. «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ իշխանության գալուց հետո Թուրքիայի քաղաքականությունը միտված էր երկրի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղության ակտիվացմանը: Սիրիայում քաղաքական ճգնաժամի առաջին փուլից ի վեր Անկարան եղել է ամենակոշտ ընդդիմախոսներից մեկը։
Նախկինում Բաշար աալ-Ասադի վարչակարգի հետ բացառիկ ջերմ հարաբերություններ ունեցող Թուրքիայի ներկա իշխանությունները, միջամտելով Սիրիայի ներքին գործերին, փաստացիորեն դարձան արտերկրում գործող սիրիական ընդդիմության թե՛ քաղաքական, թե՛ ռազմական թևերի հենակետը։
Դիտարկելով Թուրքիայի սիրիական քաղաքականության ներկայացուցչությունն իշխանամետ երկու նշանավոր թերթում՝ «Սթար» և «Յենի Շաֆակ», հեղինակները կարևորեցին 2012-ի փետրվարյան դրվագի նշանակությունը, որից հետո Անկարան խոր դիսկուրսիվ երկընտրանքի մեջ ընկավ երեք պատճառով՝ դադանական համատեքստի անորոշ պատկերացման, երրորդ կողմի դերի երկիմաստ և օրակարգի երկիմաստ ձևավորման պատճառներով: Չնայած մոտալուտ քաղաքացիական պատերազմի ստվերին՝ Թուրքիայի արտաքին քաղաքական էլիտան ձեռնպահ մնաց Սիրիայի ներսում առաջացող իրական ռիսկերի սահմանափակումից:
Թեպետ Թուրքիայի կառավարության երկիմաստ հռետորաբանությունը նպաստեց հասարակական ներքին՝ հակապատերազմական կարծիքը փոփոխելուն, այնուամենայնիվ այն չօգնեց վերահսկել Սիրիայի քաղաքացիական պատերազմը։ Երրորդ կողմերի դերի աշխարհաքաղաքական ձևավորումը ոչ մի կերպ չնպաստեց միջազգային միջամտության համար դիվանագիտական հողի ստեղծմանը:
Թուրքիայի կառավարությունը և Համաշխարհային բանկը սկսեցին համագործակցել՝ գտնելու և մեղմելու ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող սիրիացիների ազդեցությունը թուրքական ընդունող համայնքների վրա։
Սիրիական իրադարձությունների իրական պատկերը շարունակում էր մեզ անհայտ լինել, գոնե սկզբնական շրջանում, մի քանի պատճառով՝ տեղեկությունները խեղաթյուրվում էին, դեպքերի իրական զարգացումները ներկայացվում էին միակողմանի, «ակտիվիստների» և մարդու իրավունքների պաշտպանների հաղորդած տեղեկությունները դժվար ստուգելի էին և այլն: Քանի որ Սիրիան կենտրոնական միջնորդ էր Իրանի և «Հիզբոլլահի» միջև, Ալ-Ասադի վարչակարգի տապալումը ռազմավարական տեսանկյունից հաղթանակ կլիներ ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի համար: Հարկ է նշել, որ Սաուդյան Արաբիան զիջեց Կատարին գործողությունների կատարման հարցում՝մնալով իրադարձությունների ետնաբեմում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) այլ կերպ արձագանքեց սիրիական ճգնաժամին. ԻԻՀ-ն կարծում էր, որ սխալ է արաբական տարբեր երկրներում տեղի ունեցած «Արաբական գարնան» իրադարձությունների նույնացումը։ ԻԻՀ-ն իրադարձությունները բաժանում էր երկու խմբի.
1-ին՝ Թունիս, Եգիպտոս, Լիբիա, Եմեն, Բահրեյն, Լիբանան, որտեղ, ըստ Իրանի իշխանությունների, տեղի է ունեցել «իսլամական վերածնունդ»,
2-րդ՝ Սիրիա, որտեղ, Թեհրանի բնորոշմամբ, ԱՄՆ-ն ներքաղաքական խռովություններ է հրահրում և զինում ահաբեկիչներին: Ըստ Իրանի ղեկավարության՝ այն, ինչ կատարվում է արաբական երկրներում՝ բացի Սիրիայից, Իրանի իսլամական հեղափոխության հետևանքն ու ազդեցությունն է։
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը սերտ ռազմավարական դաշնակիցներ են եղել, և Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Սիրիայի կառավարությանը քաղաքացիական պատերազմում, այդ թվում՝ նյութական, տեխնիկական, ֆինանսական և պաշտպանական (մարտական որոշ զորքեր): Իրանը սիրիական կառավարության գոյատևումը խիստ կարևոր է համարում իր տարածաշրջանային շահերի համար: Դրա վկայությունն այն էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին 2011-ի սեպտեմբերին հայտնեց Սիրիայի կառավարությանն իր աջակցության մասին:
Իրանի անվտանգության և հետախուզական ծառայություններն աջակցում են սիրիական զորքերին՝ Բաշար Ասադի իշխանությունը պահելու համար: Այդ ջանքերը ներառում են մարզում, տեխնիկական աջակցություն և մարտական զորքեր։
Իրանի կառավարության աջակցությամբ լիբանանյան «Հիզբոլլահի» զորքերն ուղղակի մարտական դեր ստանձնեցին սիրիական ճգնաժամում: 2013-ի ամռանը Իրանն ու «Հիզբոլլահը» Ասադի համար ռազմական կարևոր աջակցություն ցուցաբերեցին, ինչը թույլ տվեց նրան առաջխաղացում ապահովել ընդդիմության նկատմամբ։
Այաթոլլահ Ալի Խամենեին ուրբաթօրյա քարոզների, ինպես նաև տարբեր հանդիպումների ժամանակ Սիրիային անդրադառնալիս նշում էր՝ Իրանը դեմ է, որ Սիրիայում օտար ուժեր հայտնվեն, և որ իր երկիրը մշտապես աջակցելու է Սիրիային: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, նրա բնորոշմամբ, «ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում կրած պարտությունների համար վրեժխնդրության արդյունք են»։ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալիս Իրանի իշխանություններն օգտագործում էին ծայրահեղ հակաարևմտյան հռետորաբանություն և անտեսում էին այս գործողություններում Սիրիայի ժողովրդի մասնակցության փաստը: Սիրիայի խռովությունները նրանք վերագրում էին Արևմուտքի վարած «սադրիչ» քաղաքականությանը, իսկ ցուցարարներին՝ անվանում ահաբեկիչներ:
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ կարծիք է հայտնել, թե «Արևմուտքը ձգտում է անկայունություն ստեղծել Սիրիայում» ։
Իրանական զորքերն ամբողջությամբ ներգրավվեցին սիրիական ճգնաժամում, Իրանի առաջնահերթ նպատակներից մեկը տարածաշրջանի վերահսկողությունն իր ձեռքը վերցնելն էր, հենց դրանով էր պայմանավորված երկրի կառավարության տագնապային արձագանքը, երբ «YouTube» սոցիալական կայքում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում էր իրանական զորքերի առկայությունը տարածաշրջանում, ինչն էլ մեծապես խոչընդոտում էր Սիրիայի տարածքից օտարեկրյա ուժերի դուրսբերման վերաբերյալ ԻԻՀ-ի պահանջին։
Իրանի իշխանությունների արձագանքն արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններին նախ և առաջ պայմանավորված էր երկրի ներսում սեփական դիրքերի ամրապնդման ցանկությամբ, ինչպես նաև այդ իրադարձությունների «իրանական սցենարի» կանխման անհրաժեշտությամբ: «Արաբական գարնան» համատեքստում Իրանի համար ավելի մեծ կարևորություն ունեն այն երկրների իրադարձությունները, որտեղ հնարավոր է ակտիվացնել իրանական ազդեցությունն ընդդեմ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի. խոսքը Սիրիայի, Եգիպտոսի և Բահրեյնի մասին է:
Ելնելով իր շահերից՝ ԱՄՆ-ն չէր կարող անտեսել Սիրիայում տիրող իրավիճակը և անմասն մնալ նրա զարգացումներից: «Արաբական գարնան»-ն ԱՄՆ-ի մասնակցությունը մեկնաբանելիս Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը մատնանշեցին վերջինիս առնչվող բնագավառները, որոնք կապված էին մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության հաստատման և ազատ համագործակցության գոտու ստեղծման հետ։
2011 թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ արեց Ասադին հրաժարական տալ, դադարեցնել բռնությունները ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև ժողովրդին ճնշելու նպատակով Իրանին օգնության խնդրանքով դիմելու փորձերը։ Այս հայտարարությունը զարմանալի չէ, իսկ դրա տեքստն ավելի քան տրամաբանական է. Սիրիա-Իրան համագործակցությունը ցանկալի չէ ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիան Իրանի անկյունաքարային հենակետն է տարածաշրջանում, որի օգնությամբ Իրանն ապահովում է իր ներկայությունն արաբական երկրներում: Հետևաբար, Սիրիայի թուլացումով զգալի կնվազի Իրանի դերակատարությունը տարածաշրջանում:
2013 թվականի հունիսին ԱՄՆ պաշտոնյաները եզրակացրին, որ Ասադի ուժերը քիմիական զենք են օգտագործել ընդդիմության դեմ: Նախագահ Օբաման հայտնեց, որ պատրաստ է աջակցել ապստամբներին։
2012 թ. օգոստոսի 20-ին Օբաման բացահայտ նկարագրեց Ասադի կառավարության կողմից քիմիական զենքի օգտագործումը որպես «կարմիր գիծ», որը գծել էր ԱՄՆ-ն: Հարյուրավոր մարդիկ շնչահեղձ եղան Սիրիայի մայրաքաղաքի ապստամբած արվարձաններում: ՄԱԿ-ի քննիչները տեղանք այցելելուց և զննելուց հետո եզրակացրին, որ ցամաքային-վերգետնյա հրթիռներ են արձակվել քաղաքացիական տարածքներում, մինչ բնակիչները քնած էին: ԱՄՆ կառավարությունը մյուսների նման մեղադրեց Սիրիայի կառավարությանը:
Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ Սիրիայի ժողովուրդն արժանի է մի կառավարության, որը հարգում է նրանց արժանապատվությունը, պաշտպանում է նրանց իրավունքները, մինչդեռ ասադական ռեժիմը խոչընդոտում է դրան: Եկել է ժամանակը, որ հանուն սիրիական ժողովրդի նա մի կողմ քաշվի և հանձնի իշխանությունը սիրիացիներին, և դա այն է, ինչի համար իրենք (Ամերիկան - խմբ.) կշարունակեն պայքարել։ Քլինթոնը նաև հայտարարեց Սիրիայում ԱՄՆ դեսպանատան փակման մասին։
Սիրիայի հիմնախնդիրը լուծելու նպատակով 2012 թ. փետրվարի 24-ին Թունիսում կազմակերպվեց «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպումը‚ որի հիմնական նպատակն էր ուղիներ մշակել սիրիական հիմնախնդրի լուծման համար: Հանդիպման ընթացքում ԱՄՆ-ն ներկայացնող Հիլարի Քլինթոնն առաջ քաշեց խնդրի լուծման երեք հիմնական ուղղություն.
1․ ուժեղացնել գործող իշխանությունների վրա ճնշումները,
2․ տրամադրել հումանիտար օգնություն,
3․ հող պատրաստել ժողովրդավարական կարգեր հաստատելու համար։
Բարաք Օբաման 2016 թ. իր ելույթում բացառեց սիրիական ընդդիմությանը զենք տրամադրելու գաղափարը, ինչպես նաև հայտնեց իր բացասական վերաբերմունքը հարցը ռազմական միջամտությամբ լուծելու գաղափարի նկատմամբ՝ ասելով, որ ինքը կողմ է հարցի դիվանագիտական լուծմանը։
ԱՄՆ-ի ռազմական ուժերը շարունակեցին մնալ Սիրիայում, նույնիսկ ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին։ Վերջինս նախկինում խոստացել էր ամերիկյան զորքերը հանել Սիրիայից:
Միևնույն ժամանակ, քրդերի կողմից ղեկավարվող ուժը հայտարարեց, որ դուրս է բերել իր բոլոր պաշարված մարտիկներին սիրիական Ռաս ալ-Աին քաղաքից:
Նախագահ Թրամփի հայտարարությունն ԱՄՆ-ի զորքերը հյուսիսային Սիրիայից դուրս բերելու մասին հարմար առիթ ստեղծեց Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերի կողմից ղեկավարվող թուրքական զորքերի հարձակման համար:
Ամերիկյան ուժերն օգտագործվեցին ԻՊ-ի ահաբեկչական գործողություններից «Իրաքը պաշտպանելու» և ԻՊ-ի կողմից այդտեղ վերահաստատվելու փորձին հակադրվելու համար: Իրադարձություններն ընթանում էին հօգուտ ԻՊ-ի, որն արդեն մեծ հաջողություններ էր ունեցել Սիրիայում ծավալած գործողությունների ընթացքում։
Ամերիկյան ուժերն արագորեն՝ օրերի ընթացքում, դուրս բերվեցին Սիրիայի հյուսիս-արևելքից՝ տեղափոխվելով Իրաքի արևմուտք՝ իրավիճակն այնտեղ հանդարտացնելու համար:
Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումը կարծես թե նվեր էր Ռուսաստանին։ Մինչ այդժամ Ռուսաստանը վաստակել էր Սիրիայում դերակատարում ունենալու իրավունքը, բայց եթե նա ցանկանում էր լինել առաջատար տերություն, ինչպես նաև իր ձեռքն առնել Սիրիայի ղեկավարումը, պարզապես ԱՄՆ-ի թողած դատարկությունը լրացնելը բավարար չէր:
Ռուսաստանը մինչ օրս Սիրիայում ունեցած հաջողությունների համար պարտական է տարածաշրջանում բոլոր ուժերի հետ որպես դաշնակիցներ մնալու իր կարողությանը: Խոսքն այնպիսի հստակ անտագոնիստների մասին է, ինչպիսիք են Իսրայելը և Իրանը, Իրանը և Սաուդյան Արաբիան: Սիրիայի, Թուրքիայի և Իրանի հետ Ռուսաստանը ստեղծել էր դաշինքներ, որոնք ավելի շատ նման էին 18-րդ դարում Եվրոպայում տարածված անցումային գծերին, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զարգացած ամուր բլոկներին: Ռուսաստանը վարում էր մի քաղաքականություն, ըստ որի՝ նա չէր դավաճանում իր դաշնակիցներին, բայց և նրանց անտեղի արտոնություններ չէր շնորհում տարածաշրջանում գործողություններ իրականացնելու համար:
Մոսկվան հպարտանում էր, որ Սիրիան որպես «երկիր» է փրկում, և պնդում էր, որ թույլ չի տա՝ տեղի ունենա նույն աղետը, ինչ Լիբիայում: Այնուամենայնիվ, այս ամենը չէր նշանակում, որ Ռուսաստանը պաշտպանում էր Բաշար Ասադի հավակնությունը։
Ամերիկյան ուժերի հեռանալով Ռուսաստանը պահպանեց իր ներկայությունը Սիրիայում որպես միակ ոչ տարածաշրջանային տերություն, բայց հեռացող ամերիկացիները Ռուսաստանին ժառանգեցին նաև մի շարք խնդիրներ, որոնք այսուհետ պետք է լուծեր վերջինս: 2015 թվականին սպառնալիքն այն մասին, որ ԻՊ-ն կգրավի Սիրիան, դրդեց ՌԴ նախագահ Պուտինին առաջնահերթ զորքեր ուղարկել այնտեղ իրավիճակն իր տրամադրության տակ վերցնելու միտումով:
ՌԴ նախագահ Վ. Պուտինը վերջերս ասաց, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը գերազանցել է իր սպասելիքները. Ռուսաստանը փրկել է ռեժիմը Դամասկոսում, հաղթել ԻՊ-ին և, ամենակարևորը, վերականգնել իր հեղինակությունը՝ որպես մեծ տերություն: Հարկ է նշել, որ Ռուսաստանը մինչ այսօր էական նշանակություն ունի Սիրիայում, քանի որ նրա ներգրավումը հնարավորություն է տվել մասնակցելու նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական գործողություններին։
Ռուսաստանը միշտ անօրինական է համարել Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայությունը, քանի որ վերջինս Սիրիայում է գտնվել առանց երկրի կառավարության համաձայնության: Թեպետ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միաժամանակյա ռազմական գործողություններն ակնհայտորեն մատնանշում էին բախման վտանգի մասին, այնուամենայնիվ Մոսկվան և Վաշինգտոնը կարողացան համաձայնության հասնել հակամարտությունից խուսափելու գաղափարի շուրջ, ինչը բավականին արդյունավետ եղավ:
ՌԴ-ն այժմ խորապես ներգրավված է աշխարհի ամենաթեժ տարածաշրջաններից մեկի գործերում: Իր հաջող ընթացքը շարունակելու համար Ռուսաստանը պետք է բաց մնա բոլոր գործընկերների համար և կատարի «միջնորդի» իր պարտավորությունները:
Add new comment