ԱՄՆ-ն պատրաստ է շատ լուրջ բանակցությունների Իրանի միջուկային ծրագրի շուրջ. Ռուբիո
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ «շատ լուրջ բանակցությունների», եթե Իրանը կրկին բացի Հորմուզի նեղուցը։
«Դուք չեք կարող 72 ժամում, անձեռոցիկի վրա, ստեղծել միջուկային ծրագիր»,- կիրակի ասել է Ռուբիոն պարբերականին տված կարճ հարցազրույցում՝ Նյու Դելի կատարած իր այցի ընթացքում։ - «Նեղուցները պետք է անհապաղ կրկին բացվեն, և այդ ժամանակ մենք կանցնենք շատ լուրջ բանակցությունների՝ հարստացման, բարձր հարստացված ուրանի և նրանց խոստման մասին, որ երբեք չեն ունենա միջուկային զենք»։
Ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ Իրանը հրապարակայնորեն չեն բացահայտել մանրամասները, սակայն կիրակի օրը ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է, որ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարքի շուրջ, որով կրկին կբացվի Հորմուզի նեղուցը՝ Իրանի կողմից իր բարձր հարստացված ուրանը ոչնչացնելու պարտավորության դիմաց։
Իրանը հրապարակայնորեն չի մեկնաբանել և չի հաստատել իր դիրքորոշումը հարստացված ուրանի իր պաշարների վերաբերյալ։ Ռուբիոն, պնդում է, որ Թրամփի քաղաքականությունը, ըստ որի Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք, չի փոխվել։
Միևնույն ժամանակ նա հասկացրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են ընդունել բանակցությունների փուլային մոտեցում, որը, քննադատների կարծիքով, կարող է Թրամփին զրկել բանակցություններում ազդեցության լծակներից։
«Սա շատ տարիներ չի տևի, բայց որոշ ժամանակ կպահանջվի՝ այս տեխնիկական հարցերը պարզելու համար»,- ասել է Ռուբիոն։
Add new comment