ԱՄՆ-ն և Իրանը ձգտում են հրադադարի և Հորմուզի նեղուցի բացմանը. Ֆիդան
ԱՄՆ-ն և Իրանը անկեղծ ջանքեր են գործադրում հրադադարի երկարաձգման և Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններին։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Իսրայելի շարունակվող ներխուժումը Լիբանան, որտեղ իսրայելական բանակը մարտական գործողություններ է վարում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» ռազմականացված խմբավորման դեմ, լուրջ ռիսկ է ներկայացնում, որը կարող է տապալել այդ բանակցությունները։
«Ես վստահ եմ, որ ամերիկացիներն ու իրանցիները անկեղծ են։ Նրանք ցանկանում են հասնել հրադադարի և Հորմուզի նեղուցի բացմանը։ Բայց ես վստահ չեմ Իսրայելի մտադրություններում»,- Բլումբերգին տված հարցազրույցում ասել է Ֆիդանը։
Հիշեցնենք, որ Իրանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների կասեցման մասին՝ Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով, և սպառնացել էր էլ ավելի սահմանափակել ծովային նավագնացությունը Հորմուզի նեղուցով, փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը Կարմիր ծովի հարավային մասում և հարված հասցնել Իսրայելին։
Add new comment