Հոգեվոր Հայաստանը պետք է հաղթի, և հաղթանակն այլընտրանք չունի. անպայման գնացեք ընտրության, և վստահ եմ՝ կընտրեք Հայաստանը. Բագրատ Սրբազան
Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի և հաղթանակն այլընտրանք չունի. անպայման գնացեք ընտրության և վստահ եմ՝ կընտրեք Հայաստանը. Բագրատ Սրբազանի նամակը՝ բանտից:
Տավուշցիները երկար տարիներ բոլոր հավաքները, հանդիպումները սկսել են Բագրատ Սրբազանի օրհնությամբ։ Երեկ պարոն Օհանյանի հետ Սրբազանի մոտ էինք, երբ արդեն տեղյակ էր՝ գալու ենք Տավուշ, որոշեց իր օրհնությունը գրել և խնդրեց փոխանցել: Այս մասին Տավուշի մարզում, «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասել է պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանը:
«Սիրելի՛ հարազատներ, իմ սիրելի՛ տավուշցիներ, սրտի խորքից, ողջ սիրով ողջույններ եմ հղում՝ մեր պատմության այս վճռորոշ հանգրվանում։ Ես մշտապես ասել եմ, որ դուք հայության ինքնատիպ նկարագիրն եք կրում և հասցրել են նաև ժամը՝ ձեր նկարագրին հարազատ, ձեր անվաճառելի խոսքով ասեք մեր հայրենիքի ազատագրության այս կարևոր փուլում ևս։
Դուք տարիներ շարունակ կյանքով վճարել ու վկայել եք՝ պաշտպանելով մեր երկրի սահմանները, թիկունք լինելով նաև մեր Արցախ աշխարհին։ Դուք կանգնել եք արտաքին թշնամու դեմ, այսօր ժամն է կանգնելու ներքին թշնամու դեմ։ Չեք վախեցել և ոչ միայն չեք վախեցել, այլև ձեր բազուկը հաղթել է ադրբեջանական հրոսակներին, իսկ այսօր ձեր բազուկը կոչված է վերջ դնելու ներքին ադրբեջանական հրոսակին։
Չեմ ուզում երկար գրել, բայց հիշեք՝ մենք մեր վերջին խոսքը չենք ասել անհագ թշնամուն և այդ խոսքը պիտի լինի հաղթական։ Եվ դարձյալ ասում եմ՝ հոգևոր Հայաստանը պետք է հաղթի և հայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի։ Անպայման գնացեք ընտրության և վստահ եմ՝ կընտրեք Հայաստանը։ Միասին կարող ենք:
Սիրով և աղոթքով, հաղթանակի տեսիլքով, հայրենիքի կալանավոր՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան»,-նշված է Բագրատ Սրբազանի նամակում, որն ընթերցեց Գեղամ Մանուկյանը։
Add new comment