Submitted by H.Aslanyan on
Հարվաժ

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Ռուսական ՀՕՊ ուժերը հունիսի 3-ի գիշերը ուկրաինական 354 անօդաչու թռչող սարք են խոցել, այդ թվում՝ Լենինգրադի և Մոսկվայի մարզերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Սմոլենսկի մարզի իշխանությունները հայտնել են, որ Երշիչսկի քաղաքային շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո բռնկված հրդեհը մարելիս զոհվել է Արտակարգ իրավիճակների նախարարության երկու աշխատակից։ Եվս երկու հրշեջ և մեկ քաղաքացիական անձ թեթև վնասվածքներ են ստացել։

Լենինգրադի մարզի նահանգապետը հայտնել է, որ մարզում խոցվել է 59 անօդաչու թռչող սարք։ Նա հայտնել է մի քանի վիրավորի մասին։

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալից բարձրացող ծուխը։ Սա տարածաշրջանի նավթամթերքի վերամշակման խոշորագույն տերմինալներից մեկն է։

Ռուսական կողմը նաև հայտնել է, որ հունիսի 3-ի վաղ առավոտյան «Մոսկվա-Սիմֆերոպոլ» ավտոբուսին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 11 մարդ։

BBC-ի ռուսական ծառայությունն էլ, վկայակոչելով Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերին, հաղորդում է, որ հունիսի 3-ի գիշերը Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա՝ կիրառելով 198 գրոհային անօդաչու թռչող սարք։ Հաղորդագրության համաձայն՝ Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել ԱԹՍ-ների մեծ մասը, սակայն գրանցվել են նաև հարվածներ։

Սումիի մարզի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ավիահարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 18-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը գիշերը հարվածել են Ռուսաստանում մի քանի կարևոր թիրախի, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալին, Կրոնշտադտի ավիաբազայի օբյեկտներին և Տամբովի մարզում գտնվող մեկ օբյեկտի։

Add new comment