Submitted by H.Aslanyan on
Հարված

Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին։ Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին և զինվորականներին։

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ հունիսի 10-ի գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 207 անօդաչու թռչող սարք, որոնցից հաջողվել է խոցել 181-ը։ 14 վայրերում արձանագրվել են հարվածներ։

Զապորոժիեի մարզում ռուսական հարվածներից 10 մարդ է վիրավորվել։ Ըստ տեղի իշխանությունների՝ վերջին մեկ օրվա ընթացքում Զապորոժիեի մարզի 46 բնակավայրերին հասցվել է 817 հարված։ Տուժել է էներգետիկ ենթակառուցվածքը։

Խարկովում ռուսական հարվածներից կա 5 վիրավոր։ Օդեսայում հարվածի է ենթարկվել երկու բնակելի տուն։ Տուժածների մասին չի հաղորդվում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերը ՌԴ մարզերի, Սև ծովի և Ղրիմի երկնքում ուկրաինական 326 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է գիշերը մայրաքաղաքի ուղղությամբ արձակված 7 ԱԹՍ խոցելու մասին։ Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում։

Վլադիմիրի մարզի ենթակառուցվածքի երկու օբյեկտում հրդեհներ են բռնկվել։ Ըստ տեղի իշխանությունների՝ տուժածներ չկան։ Ռոստովի մարզում, ըստ նահանգապետի, ուկրաինական հարվածներից քաղաքացիական օբյեկտում այրվել է վառելիքի բաք։ Թե ինչ օբյեկտի մասին է խոսքը, չի նշվում։

Ուկրաինական հարվածների պատճառով Սևաստոպոլում օդային տագնապ է հայտարարվել։ Ղրիմի իշխանությունները գիշերը դադարեցրել են ուղևորատար գնացքների երթևեկությունը։

Add new comment