Submitted by H.Andreasyan on
Ըստ Պենտագոնից արտահոսած գաղտնի փաստաթղթերի՝ ԱՄՆ-ն լրտեսում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. BBC

Ըստ Պենտագոնից արտահոսած գաղտնի փաստաթղթերի՝ ԱՄՆ-ն լրտեսում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. BBC

Վաշինգտոնը համարում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափից շատ էր հաշվի նստում Ռուսաստանի շահերի հետ:  Նման եզրահանգում է արվել ԱՄՆ-ից արտահոսած գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Վաշինգտոնը լրտեսում էր Անտոնիո Գուտերեշին, տեղեկացնում է BBC-ն:

Ըստ պարբերականի՝ փաստաթղթերից մեկը կենտրոնանում է սևծովյան հացահատիկային գործարքի վրա, որը կնքվել էր անցյալ տարվա հուլիսին ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ: Ըստ փաստաթղթի՝ Անտոնիո Գուտերեշն այնքան հետաքրքրված էր գործարքի պահպանմամբ, որ նույնիսկ պատրաստակամ էր հաշվի նստել Ռուսաստանի շահերի հետ: 

«Գուտերեշն ընդգծել է իր ջանքերը՝ ուղղված Ռուսաստանի արտահանման հնարավորությունները բարելավելուն, նույնիսկ եթե դա ներառում է պատժամիջոցների տակ հայտնված ռուսական կազմակերպությունների և անհատների»,- նշված է փաստաթղթում:

Փաստաթղթում նաև ասվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գործողությունները «խաթարել են Մոսկվային պատասխանատվության ենթարկելու ջանքերը»:

Բարձրաստիճան մի պաշտոնյա, մեկնաբանելով այս տեղեկությունները, հայտնել է, որ ՄԱԿ-ն առաջնորդվում էր «աշխարհի ամենաաղքատ խավի վրա պատերազմի ազդեցությունը մեղմելու անհրաժեշտությամբ»:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային պատժամիջոցներն ազդում են ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանումների վրա, և սպառնացել է կասեցնել հացահատիկային գործարքի շրջանակում համագործակցությունը, մինչև այդ խնդիրները չլուծվեն:

Ըստ BBC-ի՝ ՄԱԿ-ի պաշտոնյաները դժգոհ են Գուտերեշի ջանքերի՝ ԱՄՆ-ի մեկնաբանության առնչությամբ, և ընդգծել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շատ հստակ հայտնել է իր բացասական վերաբերմունքն Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների նկատմամբ:

Մեկ այլ փաստաթղթում նկարագրվում է Գուտերեշի և նրա տեղակալի՝ Ամինա Մոհամմեդի միջև զրույցը, որի ընթացքում Գուտերեշը հիասթափություն է հայտնում ավելի շատ սպառազինություն արտադրելու՝ Եվրահանձնաժողովի նախագահի կոչի առնչությամբ:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին BBC-ին հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է պարզել արտահոսքի աղբյուրը:

Օրեր առաջ արտահոսած փաստաթղթերը տեղեկություններ են պարունակում Ուկրաինայում ընթացող պատերազմի, Չինաստանի և ԱՄՆ-ի դաշնակից երկրների վերաբերյալ:

Add new comment