Սուրեն Պապիկյանը՝ Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական սադրանքի մասին
Ապրիլի 12-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Տեղ բնակավայրի մոտ ադրբեջանական կողմի սադրանքին ու դրա պատճառներին:
«Հիմնականում խնդիրն ապրիլմեկյան պայմանավորվածությունները չկատարելն է և այն, որ մարտի 29-ից ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում Ադրբեջանի ԶՈՒ տեղակայման արդյունքում որոշակի անճշտություններ կան, ուստի տեղակայման ճշգրտումներ են իրականացվում ՀՀ և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև, և բնականաբար ՀՀ ԶՈՒ-ն իր պարտականությունները կատարելու նպատակով նաև ժամանակավորապես, մինչև խնդրի վերջնական ճշտումը տեղակայվել է այս տեղամասում, այդ ճշգրտումների ընթացքում վերջին մեկ շաբաթվա, տասը օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե՛ հակառակ կողմը, թե՛ յուրային ուժերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են, ինչի հետ կապված՝ ունեցանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ արդեն ճշտված են, և խնդիրներ չկան: Նմանատիպ ճշգրտման բերումով է տեղի ունեցել մի միջադեպ, որը հանգեցրել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Պապիկյանն անդրադարձել է նաև սահմանի խնդրահարույց հատվածին:
«Խնդրո առարկա հանդիսացող հատվածի մասին արդեն հայտարարություն է եղել, պատճառները հայտնի են՝ ինչու այդ հատվածում տեղակայված չէին ուժեր, ու ինչպես եղավ, որ մարտի 29-ին տեղի ունեցան հայտնի միջադեպերը, որի շարունակությունը սա է: Հիմնականում այդ հատվածն է, որ խնդրահարույց է, այն շարունակում է ճշգրտվել»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Add new comment